Աֆորիզմներ՝ Ալեքսանդր Բլոկ

0
271

Ալեքսանդր Բլոկ, ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը։
1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։
1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն։
Առաջարկում ենք ծանոթանալ Ալեքսանդր Բլոկի ամենահանճարեղ 10 մտքերին՝

  1. Իմացի՛ր, թե որտեղ է լույսը, կհասկանաս, թե որտեղ է խավարը:
  2. Հաճախ կյանքն է լուծում այն, ինչը ամենաանլուծելին էր թվում:
  3. Վաղ թե ուշ ամեն ինչ նորովի կլինի, քանզի կյանքը հիասքանչ է:
  4. Իսկական մարդու հոգին ամենաբարդ, ամենանուրբ և ամենաերգեցիկ երաժշտական գործիքն է:
  5. Գիրքը մեծ բան է, քանի դեռ մարդը կարողանում է դրանից օգտվել:
  6. Այն գիտակցումը, որ հրաշալին մեր կողքին էր, չափից դուրս ուշ է գալիս:
  7. Արվեստը, ինչպեսև կյանքը, թույլերի ուժերից վեր է:
  8. Միայն վեհ բանի մասին պետք է մտածի, միայն մեծ առաջադրանքներ պետք է իր առջև դնի գրողը. դնի համարձակ` չամաչելով իր անձնական փոքր ուժերից:
  9. Ամեն մարդու մեջ մի քանի մարդ կա, և նրանք բոլորը մեկը մյուսի դեմ պատերազմում են, և ոչ միշտ է ամենաարժանավորը հաղթում:
  10. Դժվարը պետք է հաղթահարել, իսկ հետո պարզ օր կլինի:

Այլ գրառումներ