Աֆորիզմներ՝ Ֆրանսուա դը Լառոշֆուկո

0
175

Ֆրանսուա դը Լառոշֆուկո(ֆր.՝ François VI, duc de La Rochefoucauld, սեպտեմբերի 15, 1613, Փարիզ – մարտի 17, 1680, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) հեղինակ:
Ֆրանսուա Վեցերորդ իշխանազուն դը Մարսիյակը, հետագայում՝ դուքս դը Լառոշֆուկոն, Լառոշֆուկոների տոհմի քսանմեկերորդ հետնորդն էր։ Լառոշֆուկոները եղել են ֆրանսիական գրեթե բոլոր թագավորների օրոք մեծ հարգանք և պատիվ ունեցող տոհմ, նրանցից մի քանիսը թագավորների ազգականներ են եղել, իսկ XVII դարում՝ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի օրոք, այդ տոհմը ֆրանսիական ազնվականության ամենահին և հարգված տոհմերից էր։ Տոհմի ազգանունը կազմվել է նահանգի (Լա Ռոշ) և տոհմը սկզբնավորողի անունների միավորումից։ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի մանկությունն ու պատանեկությունը անցել են Անգումուա նահանգում, որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին։ Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր։ Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին։ Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը։ Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից։ 1629 թ. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց Իտալիայում։
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 22 մտքերին՝

  1. Զարմանքը ողողում է մեր գիտելիքների սահմանը և հաճախ ապացուցում է ոչ այնքան իրերի կատարելությունը, որքան մեր մտքի անկատարությունը։
  2. Այն բանի պատճառը, թե սիրահարվածներն ինչու երբեք չեն ձանձրանում միմյանց հետ լինելուց, նրանում է, որ նրանք մշտապես խոսում են իրենք իրենց մասին։
  3. Վայելչագեղությունը մարմնի համար նունն է, ինչ առողջ դատողություն` խելքի համար։
  4. Մեզանից յուրաքանչյուրը բավականաչափ ուժ ունի ուրիշի դժբախտությունը կրելու համար։
  5. Հույսը, որքան էլ խաբուսիկ լինի, այնուամենայնիվ ծառայում է նաև այն բանին, որպեսզի ընդունված ճանապարհով մեր կյանքը հասցնի մինչև վերջ։
  6. Ֆիզիկական աշխատանքը օգնում է մոռանալ բարոյական տառապանքները։
  7. Հեռատես մարդը պետք է որոշի իր ցանկություններից յուրաքանչյուրի տեղը և հետո հերթականությամբ իրականացնի դրանք։ Մեր ագահությունը հաճախ խախտում է այդ հերթականությունը և մեզ ստիպում է միաժամանակ հետամուտ լինել այնպիսի բազմաթիվ նպատակների, որ ընկնելով դատարկ բաների հետևից, մենք աչքաթող ենք անում էականը։
  8. Մարդիկ չարախոսում են ոչ այնքան վնասելու ցանկությունից, որքան փառասիրությունից։
  9. Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից։
  10. Մարդիկ ինչքան հաճախ են օգտագործում իրենց խելքը հիմարություններ անելու համար։
  11. Ավելի լավ է ծիծաղել երջանիկ չլինելով, քան մահանալ՝ առանց ծիծաղելու։
  12. Ծաղրանքը հաճախ մտքի աղքատության նշան է. նա օգնության է գալիս, երբ չեն բավականացնում լավ ապացույցները։
  13. Մենք ավելի շատ ուժ ունենք, քան կամք, և մենք հաճախ հենց միայն սեփական աչքում մեզ արդարացնելու համար, շատ բան համարում ենք մեզ համար անհնարին։
  14. Մենք ոչ մի բան այնպես առատաձեռնությամբ չենք բաժանում, ինչպես խորհուրդները։
  15. Հենց որ հիմարը մեզ գովաբանի` նա արդեն այնքան էլ հիմար չի թվում մեզ։
  16. Իսկական ազնիվ մարդիկ երբեք ոչ մի բանով չեն պարծենում։
  17. Մենք սրտանց գովում ենք սովորաբար միայն նրանց,ովքեր հիանում են մեզնով։
  18. Կարողանալ ծերունի լինել արվեստ է, որին քչերն են տիրապետում։
  19. Ծերությունը մի բռնակալ է, որը մահվան սարսափով մեզ արգելում է պատանեկության բոլոր վայելքները։
  20. Նա, ով երևակայում է, թե կարող է առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երևակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող, էլ ավելի է սխալվում։
  21. Ով երբեք խենթություններ չի արել, նա այնքան էլ խելացի չէ, ինպես իրեն թվում է։
  22. Խանդի մեջ մեկ բաժինը սեր է և ինսունինը բաժինը՝ ինքնասիրություն։