Միշել դը Մոնտեն(ֆր.՝ Michel Eyquem de Montaigne), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, և էսսեիզմի հիմնադիր։ Իր մտքերն ամփոփել է «Փորձեր» երկում (Les Essais, 1-ին հատոր՝ 1580 թ., 2-րդ հատոր՝ 1582 թ., աշխարհաբար հայերեն թարգմանությունը Ա. Խոցանյանի)։
Միշել դը Մոնտենը ծնվել է 1533 թվականին Սեն Միշել դը Մոնտեն քաղաքում (Դորդոն), Բորդոյի մոտակայքում գտնվող իրենց տոհմական կալվածքում, Էյքեմների վաճառականական ընտանիքում, որն ազնվականի կոչում էր ստացել 15-րդ դարի վերջին։ Հայրը՝ Պիեր Էյքեմը, եղել է Բորդոյի քաղաքագլուխը։ Մայրը՝ Անտուանետտա դը Լոպեզը, ծագումով հրեական ընտանիքից էր։
Մոնտենը դաստիարակվել է հոր լիբերալ-հումանիստական մանկավարժական մեթոդիկայով։ Նրա ուսուցիչը գերմանացի էր և իր հետ խոսում էր բացառապես լատիներեն։ Դրա շնորհիվ՝ Մոնտենը լատիներենին տիրապետում էր մայրենիի նման։
1539 թվականին՝ 6 տարեկան հասակում, Մոնտենը ընդունվել է Բորդոյի քոլեջ, և 13 տարեկանում՝ ժամանակից շուտ, ավարտել այն (1546): Չնայած նրան, որ Բորդոյի քոլեջը լավագույններից էր Ֆրանսիայում, և այնտեղ դասավանդում էին մի շարք հումանիստ մանկավարժներ, այդտեղ ստացած կրթությունը քիչ բան է տվել Մոնտենին։
Մոնտենի կյանքի հաջորդ մի քանի տարիների մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ կրթությունը շարունակել է Թուլուզի համալսարանում, այն ավարտելով ստացել իրավաբանի մասնագիտություն։
Առաջարկում ենք ծանոթանալ գրողի ամենահանճարեղ 27 մտքերին՝
-
- Երբ բարիք ես գործում, ինքդ էլ զգում ես ինչ-որ բերկրալի բավականություն և օրինական հպարտություն, որոնք ուղեկցում են մաքուր խղճին:
- Կյանքն ինքնին` ոչ բարիք է, ոչ չարիք. այն թե բարու և թե չարի շտեմարան է, նայած, թե դուք ինքներդ ինչի եք վերածել այն:
- Ոչ մի որոշակի նպատակ չունեցող խելքը կորչում է. լինել ամենուրեք` նշանակում է ոչ մի տեղ չլինել:
- Չկա ավելի բնական ձգտում, քան գիտելիքների նկատմամբ ձգտումը:
- Բավական չէ, որ դաստիրակությունը միայն փչացնի մեզ, հարկավոր է, որ նա մեզ փոխի դեպի ավելի լավը:
- Ուրիշին սովորեցնելու համար պահանջվում է ավելի շատ խելք, քան երբ ինքդ ես սովորում:
- Ոչ ոք պաշտպանված չէ հիմարություն ասելու հնարավորությունից: Դժբախտություն է, երբ այն ասում են մտածված:
- Շատ օգտակար է սեփական միտքը տաշել ու հղկել ուրիշների խելքով:
- Իմաստության ամենալավ ապացույցը չընդհատվող լավ հոգեվիճակն է:
- Ով դիպչում է նպատակից ավելի հեռու, նա նույնպես վրիպում է, ինչպես և նա, ով չի դիպում նպատակին։
- Ամենևին չի պահանջվում միշտ ասել այն, ինչ մտածում ես. դա կլիներ հիմարություն. բայց այն ամենը, ինչ էլ որ ասես, պետք է համապատասխանի քո մտքերին, հակառակ դեպքում դա կլինի չարամիտ խաբեություն։
- Եթե, մի կողմից, մեր խելքը ամրանում է լայն ու զարգացած խելքերի հետ շփման շնորհիվ, ապա, մյուս կողմից, անհնար է պատկերացնել, թե որքան է նա կորցնում ու այլասերվում չնչին ու հիվանդագին խելքերի հետ մշտական ծանոթության ու շփման հետևանքով։
- Ուժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում։
- Մեր հարցասիրությանը վերջ չկա. մտքի բավարարվածությունը նրա սահմանափակվածության կամ հոգնածության նշան է։
- Ես ճշմարտությունն ասում եմ այն չափով, որչափ համարձակվում եմ այն ասել. որքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հազվադեպ եմ համարձակվում դա անել։
- Ես դատապարտում եմ ամեն տեսակ բռնությունը այն մատաղ հոգու դաստիարակության ժամանակ, որին աճեցնում են պատվի և ազատության նկատմամբ հարգանքի հոգով։ Խստության ու հարկադրանքի մեջ ինչ – որ ստրկական բան կա, և ես գտնում եմ, որ այն բանին, ինչը չի կարելի անել բանականության, շրջահայացության և հմտության օգնությամբ, ոչ մի կերպ չի կարելի հասնել ուժով։
- Հարկավոր է դիմանալ այն բանին, ինչից հնարավոր չէ խուսափել։
- Մարդու ամենավատ վիճակն այն է, երբ նա դադարում է գիտակցել և տիրապետել իրեն։
- Իր նկատմամբ հարգանքի պակասից առաջ են գալիս նույնքան արատներ, որքան և իր նկատմամբ ավելորդ հարգանքից։
- Իսկական արժանապատվությունը նման է գետի, որքան այն խորն է, այնքան ավելի քիչ է աղմկում։
- Լռակյացությունն ու համեստությունը խոսակցության համար շատ պետքական հատկանիշներ են։ Չկա ավելի ստորացուցիչ պատասխան, քան արհամարհական լռությունը։
- Վախկոտությունը դաժանության մայրն է։
- Մեծամտությունն առաջանում է իր մասին չափազանց բարձր և ուրիշների մասին չափազանց ցածր կարծիք ունենալուց։
- Ձեր հասցեին արված ձեր իսկ մեղադրանքներին միշտ հավատում են, ինքնագովությանը՝ երբեք։
- Ստախոսությունը ամենազազրելի արատն է։
- Մի անհանգստացեք, թե չեք կարող մահանալ՝ բնությունն ինքը, երբ ժամանակը գա, բավական հիմնավորապես ձեզ կսովորեցնի դա, նա ինքը ձեր փոխարեն կանի, ձեր մտքերը մի զբաղեցրեք դրանով։
- Մարդկային երջանկությունը բնավ նրանում չէ, որպեսզի լավ մահանա, այլ նրանում, իմ կարծիքով, որպեսզի լավ ապրի։