Հայաստանի Հանրապետություն

0
171
Countries - Armenia

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։
Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքվեների արդյունքում։ Վանի թագավորությունը հիմնվել է ՄԹԱ 860 թվականին, որին ՄԹԱ VI դարում փոխարինել է Սատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 3-րդ դարից մինչև վաղ 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․ 301 թվականին։ Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել է Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ 9-րդ դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։
Հակիրճ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին՝

  • Մայրաքաղաքը … Երևան
  • Պետական լեզու … Հայերեն
  • Կառավարում … Խորհրդարանական
  • Նախագահ … Արմեն Սարգսյան
  • Վարչապետ … Նիկոլ Փաշինյան
  • Հիմնադրվել է … ՄԹԱ 2492Թ
  • Հայաստանի Հանրապետություն … 1918Թ-1920Թ
  • Ընդհանուր տարածքը … 29.743 կմ2
  • Ջրային տարածքը … 4.71%
  • Բնակչության մարդահամար … 3.018.854(2011Թ՝ 134-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 2.924.816(2016Թ)
  • Բնակեցվածության խտություն … 101.5մ/կմ2(99-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $11.537 միլիարդ(2017Թ՝ 132-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.743 (2017Թ՝ 84-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Դրամ(AMD)
  • Ժամային գոտի … UTC+4
  • Ազգային դոմեյն … .am և .հայ
  • Հեռախոսային կոդ … +374

Հայաստանի Հանրապետության Խորհրդանիշերը՝
Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918–1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Դրոշը հաստատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ 2006 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» նոր օրենքը:
Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո՝ 2006 թ. հունիսի 15-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Հայաստանի ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի որոշ փոփոխություններով (օրինակ՝ նախկին «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր» տողը արմատապես վերախմբագրվել է հետևյալ տեքստով «Մեր Հայրենիք՝ ազատ, անկախ»)։ Հիմնի տեքստը վերցվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:

Այլ գրառումներ