Խորվաթիա

0
268
Countries - Croatia

Խորվաթիա, պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է, որը նաև երկրի քսան վարչատարածքային միավորներից՝ ժուպանություններից մեկն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։
Հարավային սլավոնները Խորվաթիայի մերօրյա տարածքում հաստատվել են 6-րդ դարում և 9-րդ դարում այստեղ ստեղծել երկու անկախ իշխանություններ։ 925 թվականին Տոմիսլավ I-ի գահակալմամբ սկսվում է երկրի պատմության թագավորական շրջափուլը, որը շարունակվում է շուրջ երկու հազարամյակ։ Խորվաթիան իր հզորության գագաթնակետին հասնում է Պետար Կրեշիմիր IV-ի և Դմիտար Զվոնիմիրի կառավարման տարիներին, երբ խորվաթները տարածում են իրենց իշխանությունը Բալկանյան թերակղզու ամբողջ հյուսիսային շրջաններում։ 1102 թվականին Խորվաթիան դաշնային պետության ստեղծման մասին պայմանագիր է կնքում դաշնակից Հունգարիայի թագավորության հետ։ Օսմանյան բռնազավթումներից զերծ մնալու նպատակով երկրի բարձրագույն ժողովը 1527 թվականին Հաբսբուրգ թագավոր Ֆերդինանդ I-ին ընտրում է Խորվաթիայի գահակալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ելքը կանխորոշելով՝ 1918 թվականի հոկտեմբերին Զագրեբը հռչակվում է Ավստրո-Հունգարիայից փաստացի անկախ սլովենների, խորվաթների և սերբերի միացյալ թագավորության մայրաքաղաք։ Նույն տարվա դեկտեմբերին այդ տարածքներում ձևավորվում է Հարավսլավիա պետությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում գերմանական բանակի կողմից Հարավսլավիայի բռնազավթումից հետո Խորվաթիայի տարածքում հաստատվում է ամբողջատիրական վարչակարգ։ Պատերազմի ավարտից հետո ավտորիտար Խորվաթիայի անկախ պետությունը անկում է ապրում և վերջինիս տարածքում հռչակվում է Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես Հարավսլավիայի դաշնային բաղադրիչ։ Մերօրյա Խորվաթիայի անկախ պետականությունը ստեղծվել է 1991 թվականի հունիսի 25-ին՝ քառամյա անկախության պայքարից հետո։
Հակիրճ տեղեկություններ Խորվաթիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Զագրեբ
  • Պետական լեզու … խորվաթերեն
  • Կառավարում … Ունիտար հանրապետություն
  • Նախագահ … Զորան Միլանովիչ
  • Վարչապետ … Անդրեյ Պլենկովիչ
  • Հիմնադրվել է … ՄԹ 6-րդ դար
  • Խորվաթիայի թագավորություն … 4 դեկտեմներ 1918Թ
  • Ընդհանուր տարածքը … 56,538 կմ2(124-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 1,09%
  • Բնակչության մարդահամար … 4,284,889(2011Թ՝ 128-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 4,154,200(2017Թ)
  • Բնակեցվածության խտություն … 73մ/կմ2(109-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $121,339 միլիարդ (2019Թ՝ 83-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,837 (2019Թ՝ 46-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … խորվաթական կունա (HRK)
  • Ժամային գոտի … UTC+1
  • Ազգային դոմեյն … .hr և .eu
  • Հեռախոսային կոդ … +385

Խորվաթիայի տարածքը դեռևս վաղ ժամանակներից ի վեր բնակեցված է եղել հնագույն մարդկանցով։ Հյուսիսային Խորվաթիայում հայտնաբերվել են Պլեյստոցենի դարաշրջանում գոյություն ունեցած նեանդերթալյան մարդու բրածոներ, որոնք թվագրվել են հին քարե դարի ժամանակաշրջանին։ Վերջիններս համարվում են Կրապինայի ամենահայտնի և լավ պահպանված հնագիտական օբյեկտները։ Խորվաթիայի գրեթե բոլոր երկրամասերում հայտնաբերվել են նեոլիթի (նոր քարե դար) և էնեոլիթի (պղնձե քարե դար) ժամանակաշրջանների մնացորդներ։
Խորվաթական ապոքսիոմենոսը Խորվաթիայի տարածքից հայտնաբերված մ․թ․ա․ 2-1-ին դարի բրոնզե հին հունական արձանիկ է։ Պահվում է Լուվր, Փարիզ։
Հնագիտական օբյեկտների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել է հյուսիսային Խորվաթիայի գետահովիտներում։ Տարածաշրջանի քաղաքակրթության զարգացման վրա ամենաակնառու հետքն են թողել Ստարչևոյի, Վուչեդոլի և Բադենի մշակույթները։ Շատ ավելի ուշ տարածաշրջանում ի հայտ են գալիս առաջին պետական կազմավորումները և դա պայմանավորված էր Դանուբի ավազանում բնակվող իլլիրիացիների կողմից Խորվաթիայի տարածքի նվաճմամբ։ Հաստատվելով Ադրիատիկ ծովի ավազանին՝ հելլենական ծագում ունեցող իլլիրիացիները Հվար, Կորչուլա և Վիս կղզիներում ստեղծում են իրենց առևտրային գաղութները։
Մ․թ․ա․ 9-րդ դարում մերօրյա Խորվաթիայի տարածքը նվաճվում է Հռոմեական կայսրության կողմից։ Նախքան գահից ինքնակամ հրաժարվելը Վալերիանոս Դիոկղետիանոս կայսրը Սպլիտում կառուցում է մեծ թագավորական պալատ։ Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում Արևմտայն Հռոմեական կայսրության վերջին դե յուրե գահակալ Յուլիոս Նեպոտն իր տիրակալության զգալի մասը կորցնելուց հետո հաստատվում է Սպլիտում և ձևական կերպով որոշ ժամանակահատված գահակալում է աշխարհակալ պետության մնացորդների վրա։ Սակայն 475 թվականին վերջինս արտաքսվում է Ապենինյան թերակղզի՝ Իտալիա, և 475 թվականին դավադրաբար սպանվում։
Դարաշրջանի ավարտին՝ 7-րդ դարի առաջին տասնամյակում, սկսվում է ավարների և խորվաթների գաղթը։ Հաստատվելով Ադրիատիկի ավազանում՝ վերջիններս կոտորում են տեղի բնակչությանը և ավերում գրեթե բոլոր հռոմեական քաղաքները։ Ողջ մնացածները հեռանում են ավելի բարենպաստ հատվածներ՝ ափամերձ գոտիներ, կղզիներ, մի մասն էլ՝ լեռներ։ Խորվաթների և ավարների վայրագություններից փրկվածները Խորվաթիայի ծայրամասային շրջաններում հիմնում են գյուղեր և քաղաքներ։ Նույն սկզբունքով էլ հունական Էպիդավրոս գաղութի հիմքերի վրա հիմնվում է Դուբրովնիկը։
Խորվաթների էթնոգենեզը մինչ օրս վերծանված չէ, սակայն դրա շուրջ կան մի քանի վարկածներ, որոնցից ամենահայտնիներն են սլավոնական և իրանական տեսությունները։ Ամենաընդունվածը սլավոնական տեսությունն է, ըստ որի սպիտակ խորվաթները մեծ գաղթի ժամանակաշրջանում այստեղ են եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գտնվող Սպիտակ Խորվաթիա տարածքից։ Իրանական վարկածը հիմք է ընդունում Տանաիական հուշատախտակի հունական գրությունները և խորվաթներին վերագրում հին պարսկական արիական ծագումնաբանություն։

Այլ գրառումներ