Առակներ՝ Օրենքի առաջ-Ֆ. Կաֆկա

0
172

Ֆրանց Կաֆկա, հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում։
Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1924 թվականին՝ քառասուն տարեկանում տուբերկուլոզից։
Առաջարկում ենք ծանոթանալ Ֆրանց Կաֆկաի Օրենքի առաջ առակին՝
Օրենքի առաջ
«Օրենքի դարպասները մի պահապան է հսկում։ Նրա մոտ երկրաբնակ մի այր է գալիս և օրենքի տիրույթը մուտք գործելու թույլտվություն է խնդրում։
Բայց պահապանը պատասխանում է, որ այժմ չի կարող նրան ներս թողնել։ Այրը մտածում է և հարցնում՝ արդյոք ավելի ուշ կարելի կլինի՞ մտնել։ «Հնարավոր է,- ասում է պահապանը։- Բայց ոչ հիմա»։ Եվ որովհետև տարածքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր, և պահապանը մեկդի էր կանգնել, մարդը՝ դարպասի միջով ներս նայելու համար, կռանում է։ Այդ բանը նկատելով, պահապանը ծիծաղում է և ասում․ «Եթե այդքան հետաքրքիր է քեզ, փորձիր իմ մերժումն անտեսելով մտնել, իմացիր, սակայն, որ ես հզոր եմ, բայց և ամենափոքր պահապանն եմ միայն։ Սրահից սրահ մուտքերի մոտ ավելի հզոր ու ազդեցիկ պահապաններ են կանգնած։ Արդեն երրորդի հայացքին ես ինքս չեմ կարող դիմանալ»։ Երկրաբնակ այրը նման դժվարություններ չէր սպասում։ Նա մտածել էր, թե օրենքը բոլորի համար է, և միշտ պետք է մատչելի լինի։ Այժմ, երբ ուշադիր է նայում մորթե մուշտակ հագած պահապանին, տեսնում է նրա երկար, սուր քիթը, սև, երկար և բարակ թաթարական մորուքը, որոշում է, որ ավելի լավ է մինչև ներս մտնելու թույլտվություն ստանալը սպասի։ Պահապանը նրան աթոռակ է տալիս և կարգադրում է դռնից փոքր֊-ինչ հեռու նստել։ Այնտեղ նա նստում է օրեր և տարիներ, ներս մտնելու բազմաթիվ փորձեր է անում և պահապանին հոգնեցնում է իր խնդրանքներով։ Պահանանը երբեմն կարճատև հարցաքննություններ է անցկացնում, հետաքրքրվում է նաև հայրենիքով և ուրիշ շատ բաներով (դրանք հենց այնպես տրված հարցեր էին, ինչպես միայն մեծ պարոններն են տալիս) և վերջում ասում է շարունակ, որ առայժմ չի կարելի ներս մտնել։ Ճանապարհ ընկնելուն լավ նախապատրաստված մարդը ամեն ինչ՝ նույնիսկ ամենաթանկարժեք բաները, օգտագործում է պահապանին կաշառելու համար, վերջինս՝ թեև վերցնում է տվածները, բայց միաժամանակ ասում է․ «Ես սոսկ այն պատճառով եմ վերցնում, որ չմտածես, թե որևէ հնարավորություն չես օգտագործել»։ Երկար տարիների ընթացքում երկրաբնակ այրը համարյա ամեն օր անդադար հետևում է պահապանին։ Նա մոռանում է մյուսների գոյությունը, և թվում է, թե այս պահապանն է օրենքի տարածքը մտնելու խանգարող միակ խոչընդոտը։ Առաջին տարիներին նա բարձրաձայն անիծում է անհաջող պատահականությունը, իսկ երբ ծերանում է, միայն մրթմրթում է ինքնիրեն։ Նա երեխայական հատկանիշներ է ձեռք բերում և, որովհետև պահապանին երկար տարիներ ուսումնասիրելուց հետո անգամ նրա մուշտակի մորթու ողջիլներին է ճանաչում, նրանց խնդրում է, որ օգնեն և տարհամոզեն պահապանին։ Վերջում նրա տեսողությունը թուլանում է, և նա չի հասկանում՝ արդյոք շուրջը գնալով մթնո՞ւմ է իրոք, թե՞ միայն իր աչքերն են դավաճանում, ու մթության մեջ՝ օրենքի դռներից առկայծող լույսի շող է տեսնում։
Շուտով նա մահանում է։ Մահից առաջ՝ սպասելու ընթացքում կուտակված փորձը նրա մեջ մի հարցի է վերածվում, որ նա մինչ այդ դեռ չէր տվել։ Եվ որովհետև հասակների տարբերությունը ոչ հօգուտ երկրաբնակ այրի էր փոխվել, ու նա այլևս չէր կարողանում ուղղել փայտացած մարմինը, նշան է անում, որ պահապանը կռանա։ «Հիմա՞ ինչ ես ուզում իմանալ,- հարցնում է վերջինս։- Դու ոչնչով չես բավարարվում»։ «Ախր բոլորը դեպի օրենքն են ձգտում,- ասում է մեռնողը։- Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ինձնից բացի ոչ ոք ներս մտնելու իրավունք չպահանջեց»։ Պահապանը նկատում է, որ մարդը մեռնում է, և նրա թուլացող լսողությանը հասանելի դարձնելու համար ականջի տակ բղավում է․ «Այստեղ ուրիշ ոչ ոք չէր կարող մուտքի իրավունք ստանալ, որովհետև սա միայն քեզ համար էր նախատեսված։ Ես այժմ կգնամ ու կփակեմ»։

Այլ գրառումներ