Առակներ՝ Չինական Առակներ

0
173

Չինական գիր (չին.՝ 汉字 կամ 漢字), չինական գրի պատկերային համակարգ։ Չինական սիմվոլները լայնորեն օգտագործվում են նաև ճապոներեն գրության մեջ, որտեղ անվանվում են «Կանջի», կորեերենի մեջ՝ «Հանջա»։ Նախկինում գործածվել են նաև վիետնամերենի մեջ՝ «Չժու հան»։ Այս սիմվոլների քանակը, 1994 թվականի տվյալներով հասնում է 87.000-ի։ Դրանց 85 տոկոսը այսօր գործածությունից դուրս են և հանդիպում են միայն դասական գրականության մեջ։
Այբուբենից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր պատկերանիշի վերագրված է որևէ հատկանիշ (ոչ միայն հնչյունաբանական), և գրանշանների քանակը բավականաչափ մեծ է (տասնյակ հազարներ)։ Չինարենի այբուբենն ունի երկու հիմնական ձև՝ հին (վենյան) և ժամանակակաից (բայխուա)։
Մինչև 1945 թվականը չինական գիրը («խան տը» կամ «տը-խան», վիետնամերեն՝ Chữ Hán) գործածվում էր նաև վիետնամերենի գրության համար։
Առաջարկում ենք ծանոթանալ Չինական առակներից մի քանիսին՝
Առակ 1
Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:
Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

Առակ 2
Մի երիտասարդ ռազմիկ նետաձգություն էր սովորում վարպետի մոտ, ում փառքը թնդում էր ողջ Երկնային կայսրությամբ մեկ։ Աշակերտն ամեն բան արագ էր յուրացնում և կարճ ժամանակ հետո դարձավ երկրի լավագույն նետաձիգը։ Միայն մի մարդ էր մնում անգերազանցելի նրա համար՝ ուսուցիչը։ Եվ նախանձ մտավ աշակերտի սիրտը և նա որոշեց սպանել ուսուցչին։
Անցան օրեր և երիտասարդ ռազմիկը, նախանձից ու փառասիրությունից կուրացած, մարտահրավեր նետեց ուսուցչին։ Նրանք կանգնեցին միմյանցից հարյուր քայլ հեռավորության վրա և սկսեցին նետեր արձակել։ Սակայն դրանք օդում դիպչելով իրար՝ ցած էին թափվում։ Բայց ուսուցչի նետերը հատնեցին և նա վար դրեց աղեղը։ Աշակերտը հաղթական բղավոցով արձակեց իր նետը և ուսուցիչը գետին տապալվեց: Հուզմունքից դողացող աշակերտը մոտեցավ նրան և տեսավ, որ ուսուցիչը ցնցվում է ծիծաղից՝ նետն ատամներով բռնած։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, նետը մեկնեց աշակերտին և ասաց․
– Ահա թե ինչու ես քեզ չեմ սովորեցրել ատամներով նետ որսալ ․․․

Առակ 3
Վան Նին ասաց. «Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին: Այս չորսից ո՞ւմ է հայտնի սննդի ճշմարիտ համը: Կապիկներն ամուսնանում են կապիկների, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների, օձաձկները խաղում են ձկների հետ: Մաո Ցյանը և տիրուհի Լին փայլուն գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց իսկույն դեպի ջրի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց կսլանային երկինք: Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, իսկույն անտառը կփախչեին: Նրանցից ո՞վ գիտի, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը: Իմ կարծիքով բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են ու անորոշ: Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»:
Առակ 4
Նախարարներից մեկն ուներ օգնական, որը փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր նախարարի մոտ, վերջինս ասում է.
– Ես գոհ չեմ քեզնից և այլևս քո ծառայությունների կարիքը չունեմ:
Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
– Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
– Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է նախարարը:
– Հապա ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետ ծառայել ձեզ:
– Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է նախարարը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ այլևս ձեր ծառայությունների կարիքը չունեմ:

Առակ 5
Ցզինշեն անունով մի վանական ճանապարհին ընկած մահանում էր սովից։ Նրան տեսնելով՝ ավազակ Ցյուն կերակրեց նրան հացով և մի քանի կում գինի տվեց։ Ուժ հավաքելով՝ Ցզինշենը բացեց աչքերն ու հարցրեց.
– Ո՞վ ես դու։
– Իմ անունը Ցյու է։
– Ա՜խ, դու այն ավազա՞կն ես։ Ինչո՞ւ ես ինձ կերակրում։ Ես ոչինչ չեմ ուզում քեզնից։
Ցզինշենը ծնկի իջավ և փորձեց փսխել կերածը, սակայն չկարողացավ։ Նա սկսեց հազալ, խեղդվել, ջղաձգվեց և մեռավ։
Նա, ով հրաժարվում է ուտել, մտածելով, թե գողացածն ուտելով կդառնա գող, երբեք չի հասկանա Դաոն։

Առակ 6
Չժուան Ցզին արթնանալուց հետո թիկնել էր գետի ափին և մտորում էր: Աշակերտներից մեկը հարցրեց նրան.
– Վարպետ, ի՞նչն է քեզ անհանգստացնում:
Չժուան Ցզին պատասխանեց.
– Երբ քնած էի, երազ տեսա, իբր փոքրիկ թիթեռնիկ եմ, ճախրում եմ երկնքում, ուրախանում եմ արևի լույսի ու գույնզգույն ծաղիկների վրա: Հետո ես արթնացա և հասկացա, որ ոչ թե թիթեռ եմ, այլ՝ մարդ: Եվ ես մտածեցի, որ հնարավոր է նաև այն, որ ես իրականում թիթեռ եմ, որը երազում տեսնում է, իբր ինքը Չժուան Ցզին է: Այնժամ ես հարցրի ինձ. ո՞վ եմ իրականում՝ թիթե՞ռ, որը երազում տեսնում է, իբր ինքը Չժուան Ցզին է, թե՞ Չժուան Ցզին, ով երազում տեսնում է, իբր ինքը թիթեռ է:
Սա կոչվում է իրերի կերպափոխություն:

Առակ 7
Երիտասարդ ռազմիկը կանգնել էր աղեղն ու մի քանի նետ ձեռքին և հայացքով չափում էր իր և թիրախի միջև եղած հեռավորությունը: Կողքով անցնող ծերուկն ասաց.
– Դու չես սովորի դիպուկ նետ արձակել, եթե հույսդ դնես սխալներդ շտկելու վրա: Ճակատամարտի ժամանակ դու դա չես հասցնի անել: Սովորիր հարվածել թիրախին առաջին փորձից, միշտ հիշիր, որ դու ընդամենը մի նետ ունես: Կյանքում նույնպես ամեն բան կատարիր միանգամից, զուր մի կարծիր, թե հետո կարող ես ինչ-որ բան շտկել:

Առակ 8
Երբ Չժուան Ցզին հանդիպեց Լու տերության արքային, նա ասաց.
– Իմ տերությունում բազմաթիվ կոնֆուցիականներ կան, բայց ձեր հետևորդները քիչ են:
– Այստեղ կոնֆուցիականները քիչ են, – առարկեց Չժուան Ցզին:
– Ինչպե՞ս կարող ես այդպես ասել, երբ շատերը կոնֆուցիականի զգեստ են կրում:
– Ես լսել էի, որ կոնֆուցիականները կլոր գլխանոշորեր են կրում ի նշան այն բանի, որ ճանաչել են Երկնքի ծանրությունը, – ասաց Չժուան Ցզին, – Ես լսել էի, որ նրանք քառանկյուն ոտնամաններ են կրում ի նշան այն բանի, որ ճանաչել են Երկրի ձևը, նրանք գոտուց բազմագույն փոկով կախում են նետաձգության մատնոց ի նշան այն բանի, որ միանգամից անցնում են գործի: Այն ազնվայրերը, որոնք յուրացրել են այդ ուսմունքը, դժվար թե այդպիսի հագուստ կրեն, իսկ նրանք, ովքեր չեն կրում են, հազիվ թե յուրացրած լինեն ուսմունքը: Դուք, տիրակալ, երևի այլ կերպ եք մտածում: Այդ դեպքում ինչու չհայտարարեք ողջ տերությամբ մեկ. «Նրանք, ովքեր կոնֆուցիականի հագուստ են կրում, առանց այդ ուսմունքն իմանալու, կդատապարտվեն մահվան»:
Այնժամ արքան հրամայեց հայտարարել որոշման մասին և Լու տերության հպատակները այլևս չէին համարձակվում կոնֆուցիականների զգեստ կրել:
Միայն մի մարդ, կոնֆուցիականի հագուստով, կանգնեց արքայական դարպասի առջև: Արքան իսկույն հրամայեց նրան իր մոտ բերել, հարցեց տվեց նրան, իսկ նա անդրդվելի էր` հազար պատասխան ուներ հարցերին և բազում տարբերակներ:
– Մի՞թե ողջ Լու տերության հպատակներից միայն մեկն է կոնֆուցիական, – զարմացած բացականչեց արքան:
– Այ, սա է բազմաթիվը, նա իսկապես կոնֆուցիական է, – ասաց Չժուան Ցզին:

Առակ 9
Երբ վախճանվեց Լաո Ցզին, Ցին Յին եկավ վերջին հրաժեշտը տալու, երեք անգամ խոնարհվեց և դուրս եկավ:
– Մի՞թե Դուք մեր ուսուցչի բարեկամը չէիք, – հարցրեց աշակերտը:
– Բարեկամն էի, – պատասխանեց Ցին Յին:
– Բայց Դուք այնքան քիչ ողբացիք:
– Այո: Սկզբում ես կարծում էի, թե այստեղ նրա աշակերտներն են, սակայն հիմա հասկացա, որ այդպես չէ: Երբ ես մտա հրաժեշտ տալու, այտեղ կային ծերունիներ, որոնք ողբում էին, ասես սեփական զավակին կորցրած լինեին, կային երիտասարդներ, որոնք արտասվում էին, ասես հարազատ մորը կորցրած լինեին: Նրանք բոլորը հավաքվել էին, որպեսզի խոսեին այնտեղ, ուր բառեր պետք չէին, արտասվեին այնտեղ, ուր արցունքներ պետք չէին: Դա նշանակում է փախուստ բնությունից, բռնություն զգացմունքների վրա, մոռացումն այն ամենի, ինչ ստացվել է բնությունից: Հնում դա անվանում էին պատիժ բնությունից հրաժարվելու համար:
Երբ եկել էր ժամանակը, Ուսուցիչը ծնվեց, անցավ ժամանակը և ենթարկվեց: Նա, ով հանգիստ հետևում է ժամանակին և հանգամանքներին, չի տեսնում ոչ տխրություն, ոչ ուրախություն: Հնում դա անվանում էին անկախություն բնությունից:
Ցախ հավաքող ձեռքերը մոտեցան սահմանին: Սակայն կրակը շարունակում է բոցավառվել, իսկ դրա սահմանը դեռ չի երևում:

Առակ 10
Մի անգամ Լաո Ցզին աշակերտների անցնում էր լեռան ստորոտով: Ինչ-որ կին աղիողորմ արտասվում էր գերեզմանի վրա: Հարգալից խոնարհվելով` Լաո Ցզին լսում էր, թե ինչպես է կինն արտասվում: Հետո նա այդ կնոջ մոտ ուղարկեց աշակերտներից մեկին, որը հարցրեց նրան.
– Դու այնպես ես տառապում, ըստ երևութին՝ սա քո առաջին կորուստը չէ:
– Այո, – պատասխանեց կինը, – Մի քանի տարի առաջ վագրը հոշոտեց իմ սկեսրայրին: Դրանից հետո մահացավ ամուսինս` կրկին վագրի ճիրաններում: Հիմա էլ վագրը որդուս հոշոտեց:
– Ինչո՞ւ չես հեռանում այստեղից, – հարցրեց Լաո Ցզին:
– Այստեղ դաժան իշխանավորներ չկան, – պատասխանեց կինը:
– Հիշեք սա, աշակերտներ, – ասաց Լաո Ցզին, – դաժան իշխանավորները վագրերից սարսափելի են:

Առակ 11
Անատամը հարցրեց Եղեգնյա Թիկնոցով Ուսուցչին.
– Ուսուցիչ, ի՞նչ է Դաոն:
Եղեգնյա Թիկնոցով Ուսուցիչն ասաց.
– Եթե ուղղես քո մարմինը և սևեռես քո հայացքը մեկին, ապա դու կներդաշնակվես բնության հետ: Եթե հավաքես քո գիտելիքները և սևեռվես մի բանի վրա, ապա իմաստությունը մուտք կգործի քո կացարան, հատկությունները կդառնան քո կատարելությունը և Դաոն կլինի քեզ հետ: Դու կսկսես ուղղակի նայել, նորածին հորթի նման և ամեն ինչի պատճառը չես փնտրի:

Առակ 12
Աղավնին հանդիպում է բվին և հարցնում.
– Որտեղի՞ց ես գալիս, բու:
Բուն պատասխանում է.
– Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ արևմուտք:
Այսպես ասելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:
Աղավնին հարցնում է.
– Ինչու՞ ես լքել հայրենի տունդ և թռչում ես օտար երկրներ:
– Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, և ասում են, որ զզվելի ձայն ունեմ:
Եվ բուն նորից ճչում է:
– Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:
– Ինչպե՞ս թե,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:
– Բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, ապա մինչև վերջ ապրիր սեփական տանդ մեջ:

Այլ գրառումներ