Առակներ՝ Գոտհոլդ Լեսսինգ

0
211

Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ, գերմանացի պոետ, թատերագիր (դրամատուրգ), արվեստի տեսաբան և գրաքննադատ, լուսավորիչ։ Գերմանական դասական գրականության հիմնադիր։
Ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Լատինական դպրոցում, ապա հոր թելադրանքով հաճախել Մայսենի Սբ. Աֆրա վանքում գործող կրթօջախ (հայրը ցանկանոմ էր որդուն դարձնել իր գործի շարունակողը)։ 1746 թվականից աստվածաբանություն է սովորել Լայպցիգի համալսարանում, թեև անտիկ գրականությունն ու թատրոնն ավելի էին գրավում նրան։ Անդամակցել է դերասանուհի Ֆրեդերիկա Կարոլինա Նոյբերի հիմնած թատերախմբին, որի համար թատերգություններ է թարգմանել ֆրանսերենից, ապա այդ խմբի հետ էլ բեմադրել է իր առաջին թատերական ստեղծագործությունը՝ «Երիտասարդ գիտնականը» կատակերգությունը (1748)։ Դա հարուցեց հոր դժգոհությունը, որը տղային ետ կանչեց ու նրա առջև պայման դրեց. եթե ցանկանում է վերադառնալ Լայպցիգ, պետք է հրաժարվի թատրոնից։ Այնուամենայնիվ, Գոտհոլդին թույլատրվեց ուսումը շարունակել համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Այս համալսարանում նա ուսումնասիրել է նաև փիլիսոփայություն և բանասիրություն։
1748-1760 թվականներին ապրել ու աշխատել է Լայպցիգում, Բեռլինում, թղթակցել կամ խմբագրել Vossische Zeitung-ը, այլ պարբերականներ։ Բեռլինում իր զարմիկի՝ Քրիստոլոբ Միլիոսի ընկերակցությամբ հիմնել է թատրոնին առնչվող թեմաներ արծարծող ամսագիր, սակայն ընդամենը չորս համար թողարկելուց հետո, ֆինանսական խնդիրների պատճառով, հարկադրված են եղել դադարեցնել հրատարակությունը։ Չնայած դրան՝ Լեսինգը հասցրել է արվեստասերների շրջանում լուրջ ու բանիմաց թատերական քննադատի և տեսաբանի համբավ ձեռք բերել։
Առաջարկում ենք ծանոթանալ Գոտհոլդ Լեսսինգի առակներից մի քանիսիսն՝
Եզոպոսն ու էշը
– Երբ իմ մասին նոր առակ հորինես, արա այնպես, որ այնտեղ որևէ իմաստուն բան ասեմ,- դիմեց մի անգամ էշը Եզոպոսին:
– Իմաստո՞ւն,- զարմացավ Եզոպոսը,- իսկ ի՞նչ կասեն ինձ մարդիկ: Չե՞ն ասի՝ էշն իմաստուն է, իսկ ինքը՝ էշ:

Համստերն ու մրջյունը
– Ո՜վ թշվառ մրջյուններ,- ասաց մի օր համստերը,- ողջ ամառն օրնիբուն աշխատում եք և ի՞նչ եք հավաքում… մի բուռ պաշար: Եթե միայն տեսնեի՜ք իմ ունեցվածքը:
– Լսիր,- ասաց նրան մի մրջյուն,-եթե քո ունեցվածքը ավելին է, քան դու կարիք ունես, ուրեմն ճիշտ են վարվում մարդիկ, երբ քանդում են բույնդ ու մառաններդ դատարկում, իսկ քեզ ստիպում են քո կյանքով մեղքդ քավել:

Գայլն ու հովիվը
– Հանկարծահաս համաճարակը կոտորեց հովվի ողջ հոտը: Իմանալով դա՝ գայլը եկավ հովվի մոտ մխիթարելու նրան:
– Մի՞թե դա ճիշտ է,- հարցրեց նա հովվին,- աստված իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրուն, թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:
– Շնորհակալ եմ, եղբայր Իզեգրիմ,- հառաչեց հովիվը,- տեսնում եմ, բարի ես ու սրտացավ:
– Ճիշտ որ, սրտացավ,- նկատեց Հիլաքս շունը,- փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում:

Կապիկն ու աղվեսը
Պարծեցավ կապիկն աղվեսի մոտ.
-Կարող ես ինձ ցույց տալ մի կենդանի, որին չկարողանամ նմանվել, ինչքան էլ որ նա ճարպիկ լինի:
-Ո՜վ անմիտ, իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ այն կենդանուն, որին խելքին փչի նմանվել քեզ,- պատասխանեց աղվեսը:

Նժույգն ու ցուլը
Կրակոտ նժույգին հեծած՝ հպարտ-հպարտ անցնում էր մի տղա: Նրանց հանդիպեց կատաղի ցուլը և ասաց.
– Ի՜նչ խայտառակություն… Մի՞թե ես թույլ կտայի, որ ինձ հեծներ այս երեխան:
-Իսկ ես հանդուրժում եմ,- պատասխանեց նժույգը,- քանզի ինձ վայել չէ երեխային ցած նետել:

Սագը
Սագին մի օր թվաց, թե իր փետուրները ճերմակին են տալիս ճիշտ այնպես, ինչպես նորեկ ձյունը: Եվ դրանով հպարտ, հավատացնում էր ինքն իրեն, թե ծնվել է ավելի շուտ կարապ լինելու համար, քան թե սագ: Եվ խորշելով իր նմաններից՝ փքուն տեսքով ու միայնակ լողում էր լճի ջրերում: Նա մեկ ձգում, երկարացնում էր իր դավաճանորեն կարճ վիզը, մեկ ուզում էր նրան տալ այն հանդիսավոր կորությունը, որ այնքան սազում է Ապոլոնի սիրելի կարապներին:
Բայց զուր: Նրա պարանոցը կոպիտ էր, հաստ և ուղիղ: Ու չնայած չարչարանքին, նա այդպես էլ կարապ չդարձավ, այլ մնաց ծիծաղելի սագ:

Գայլն ու էշը
Եղավ մի անգամ, որ էշը հանդիպեց քաղցած գայլին ու, քանի որ փախչել չէր կարող, հիվանդ ձևացավ:
– Խղճա ինձ և օգնիր,-ասաց նա,- ոտքս փուշ է մտել:
– Հենց հիմա, եղբայր,- ասաց պատրաստակամ գայլը և հարձակվելով էշի վրա՝ պատառ-պատառ արեց:

Ագռավը
Տեսավ մի անգամ աղվեսը ագռավին զոհասեղաններից միս գողանալիս ու մտքերի մեջ ընկավ:
-Կուզենայի իմանալ,- ասաց նա ինքն իրեն,- ագռավն այնտեղ իր բաժինն ունի, քանի որ իմաստուն թռչո՞ւն է, թե՞ նրան իմաստուն թռչուն են համարում, որովհետև աստվածների հետ զոհերը կիսելու համար բավականաչափ անամոթ է:

Այլ գրառումներ