Առակներ՝ Խնկո Ապեր

0
253

Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, ծածկանուններ՝ Աթ. Խնկոյանց, Ախպեր, Յուվենալ, Ա. Խ., Աթիկ, Աթ., Խնկ., Անստորագր., Սեփ-սար, Խնկ. Աթ., Գյուղացի, Գյուղթղթակից, Խեչո բիձա, Քեռի Պողոս, Մարտնչող, Խնկոյան Աթանես, հոկտեմբերի 19, 1870, Ալեքսանդրապոլի գավառ,ՓամբակՂարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 1890-1910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում։ Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանյանի աջակցությամբ 1911 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում։ Աթաբեկ Խնկոյանը 1923 թվականին լուսժողկոմատի կողմից հրավիրվում է Երևան՝ գրական-մանկավարժական աշխատանքի։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
Առաջարկում ենք ծանոթանալ Խնկո Ապերի առակներից մի քանիսիսն՝
Խոզն ու ագռավը
Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ու տակից փորում է ծառի արմատները: -Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,-
Խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:
-Չորանում է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ:
-Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:

Վատ ընկերը
Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:
Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.
– Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:
Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողը քրտնեց: Դողը անցավ:

Ագռավն ու աղվեսը
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:
Աքլորն ու մարգարիտը
Աքլորը քուջուջ անելիս մարգարիտ է գտնում: Պիտանի բան չհամարելով, որոշում է տալ մարգարիտը այն հիմարին, որը գին կտա այդ քարին: Իր համար մեկ գարու հատիկը արժե հազար այսպիսի մարգարտահատիկ:
Կարիճն ու գորտը
Կարիճը խնդրում է գորտին, որ իրեն մեջքին նստեցնի և լճի մյուս ափը տանի: Գորտը նստեցնում է կարիճին իր մեջքին և սկսում է լողալ: Սակայն կարիճը չի համբերում և խայթում է գորտին: Երկուսն էլ խեղդվում են:
Ես
Ագռավը խեցգետին է որսում և կտուցի մեջ առած նստում ճյուղին: Խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի կեղտոտը: Ագռավը սեղմում է կտուցը և ասում է.
-Դու:
Բայց երբ խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի նախշունը, ագռավը բաց է անում կտուցը և ասում է.
-Ես:
Խեցգետինը վայր է ընկնում նրա կտուցից և փրկվում է:

Այլ գրառումներ