Առակներ՝ Լեոնարդո Դա Վինչիի առակները

0
154

Լեոնարդո Դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո, ոչ վաղ քան ապրիլի 14, 1452 и ոչ ուշ քան ապրիլի 15, 1452, Անչիանո, Ֆլորենցիայի Հանրապետություն – մայիսի 2, 1519, Կլո Լյուսե, Ֆրանսիայի թագավորություն), Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը: Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը:
Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը: Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդային ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։
Առաջարկում ենք ծանոթանալ Լեոնարդո Դա Վինչիի առակներից մի քանիսիսն՝
Թուղթն ու թանաքը
Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր… Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով ու նախշազարդերով:
– Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: – Քո անջնջելի թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:
– Մի վշտանա,- սիրալիր պատասխանեց թանաքամանը: – Քեզ բնավ էլ չեն կամեցել ո՛չ նսեմացնել և ո՛չ էլ փչացնել, այլ պարզապես անհրաժեշտ գրառումներ են արել, ու հիմա դու արդեն հասարակ թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետև դու կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժանիքը:
Պարզվեց, որ բարի թանաքամանն իրավացի էր: Մի առիթով գրասեղանի վրա ինչ-որ բան փնտրելիս մարդու աչքն ընկավ թափված, արդեն դեղնած ու խունացած թերթիկներին: Նա հավաքեց դրանք ու, այն է, ուզում էր գցել վառվող բուխարիկը, երբ մեկ էլ նկատեց հենց այն «խզբզված» թերթիկը: Մի կողմ նետելով մնացած անպետք, փոշոտված թղթերը՝ մարդը խնամքով վերցրեց այն ու դրեց գրասեղանի դարակը՝ ի պահպանություն մարդկային բանականության ուղերձի:

Առյուծն ու գառը
Մի անգամ սոված առյուծի վանդակը գցեցին մի գառ: Գառնուկն այնքան միամիտ ու բարեհոգի էր, որ գազանների արքայի տեսքից բոլորովին չընկրկեց: Նրան, ըստ երևույթին, դնելով իր մոր տեղը, հիմարիկը մոտեցավ ահեղ գազանին, սրտալի մայեց ու անսահման գորովով լի պարզ, պլշած աչքերը հեզությամբ ու զմայլանքով հառեց նրան:
Առյուծը զինաթափ եղավ նման դյուրահավատության առջև և չկամեցավ գառանը հոշոտել: Դժգոհ մռլտալով՝ նա այս անգամ այդպես էլ քուն մտավ:

Բվեճներն ու նապաստակը
Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել:
– Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: – Անգամ սեփական բնում թաքնվելու քաջություն չունի:
– Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը:
– Որովհետև վախկոտ է:
– Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա:
– Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: – Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Առանձնապես տարվա այս ժամանակներին, երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն:
– Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են:
– Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ:
Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի:

Միաեղջյուրը
Հարմարավետ տեղավորվելով ստվերախիտ այգում՝ որսորդները տրվեցին որսի ժամանակ պատահող անհավանական արկածների վերհուշին: Ահա և խոսք բացվեց խորհրդավոր միաեղջյուրի մասին:
– Դա ոչ թե կենդանի է, այլ իսկական ուրվական,- բացականչեց նրանցից մեկը:
Եվ իրոք, ամբողջ շրջանի խոսք ու զրույցի առարկան ճակատին երկար եղջյուր ունեցող ձիուկն էր դարձել: Շատերն էին Աստծո անունով երդվում, թե տեսել են նրան, բայց ոչ ոքի դեռ չէր հաջողվել ձեռք գցել այդ արտասովոր կենդանուն:
– Իսկ կարո՞ղ է պատահել, որ դա դժոխային չար ոգի լինի,- առարկեց մյուսը: – Դժվարը նրան որսալն է, որ իսկական խելք ու շնորհքի գործ է:
Քիչ հեռվում ասեղնագործական քարգահի առջև նստած էր գեղեցկատես մի աղջիկ: Որսորդներին լսելով՝ նա քթի տակ մեկուսի ժպտում էր: Ում-ում, բայց իրեն լավ հայտնի էր խորհրդավոր անծանոթի վարք ու բարքը, քանի որ նրա հետ ինքը բարեկամություն էր անում, բայց շրջանում ոչ ոք տեղյակ չէր: Բանն այն է, որ ամեն չարից ու փորձանքից խուսափելով՝ անորսալի միաեղջյուրիկը ձգտում էր դեպի բարեսեր ու գեղեցիկ աղջիկները:
Երբ որսորդները ցրվեցին ու այգին դատարկվեց՝ թփերի միջից զգուշորեն դուրս եկավ միաեղջյուրը: Հուշիկ քայլերով խոտերի վրայով՝ նա մոտեցավ իր մտերմուհուն, պառկեց նրա առաջ և, դունչը նրա ծնկին դնելով, գորովանքով աչքերն հառեց աղջկան: Նրա հայացքը լի էր քնքշանքով ու հիացմունքով:
Միաեղջյուրը վաղուց էր բարեկամացել այդ գործունակ աղջկա հետ և ընտելացել միասին լռիկ ժամեր անցկացնելուն՝ սքանչանալով նրա ճկուն մատների ճարտարությամբ: Աղջկա համար նույնպես թանկ էր այդ բարեկամությունը, և նա սրբորեն էր պահպանում կուսական սրտի նվիրական գաղտնիքը:
Բայց մի՞թե հնարավոր է գաղտնիքը երկար պահել, երբ մարդկային ասեկոսեն, ծովի ալիքի նման, ամեն ինչ ջրի երես է հանում:
… Ու գաղտագողի հետևելով, թե ոնց է միաեղջյուրը թաքուն այցելում իր ընկերուհուն, որսորդները շուրջկալ սարքեցին ու բռնեցին կուսական հմայքների փոքրիկ երկրպագուին:

Իժն ու սոխակը
Մինչ սոխակի ճտերը միմյանց սեղմված անխռով քնած էին, նրանց հոգածու ծնողները թռան գնացին կեր հայթայթելու: Թաքստոցից դա տեսնելով՝ իժը սողաց դեպի բույնը՝ ներքուստ կանխաճաշակելով դյուրին ձեռք գցած ավարը: Բայց սոխակն արդեն տուն էր շտապում՝ որդը կտցին: Ճիշտ ժամանակին նկատելով չարագործին, որ արդեն հասվեհաս էր բնին՝ նա սրտապատառ ծղրտաց.
– Կա՛ց: Գթա իմ անմեղ ձագուկներին: Փոխարենը ես քեզ համար մի երգ կերգեմ, որից ավելի ախորժալուրը լսած չկաս…
Եվ նա գեղգեղաց քաղցրակարկաչ, դայլայլեց ու սուլեց հազարերանգ: Անտառով մեկ տարածվեցին նրա քնքուշ ու կախարդիչ դայլայլի ելևէջները՝ լի անզուգական հմայքով ու լուսավոր տխրությամբ: Իժն իրեն կորցրեց և շփոթահար գամվեց տեղում: Ու որպեսզի սոխակի գեղգեղանքների կախարդիչ հմայքը (որից նրա ատամի թույնն իսկ կարող էր ցամաքել) չներգործի վրան՝ իժը պոչով փակեց լսելիքը և հապճեպ քաշվեց գնաց եկած ճամփով:

Այլ գրառումներ