Հայաստան

0
24

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։
Նաև «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։
Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ (2017) բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։
Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքվեների արդյունքում։ Վանի թագավորությունը հիմնվել է մ․թ․ա․ 860 թվականին, որին մ․ թ․ ա․ VI դարում փոխարինել է Սատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 3-րդ դարից մինչև վաղ 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․ 301 թվականին։ Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել է Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ 9-րդ դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

Շարունակելի …