Ինդոնեզիայի Հանրապետություն

0
223
Countries - Indonesia

Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կղզիների վրա գտնվող ամենամեծ պետությունն է աշխարհում, որ ունի ավելի քան 17 հազար կղզի և 1904569 կմ² տարածք, 14-րդ երկիրն է աշխարհում ցամաքային տարածքի մեծությամբ և յոթերորդը ցամաքային ու ջրային տարածքների ընդհանուր մակերեսով։ Ունենալով ավելի քան 261 մլն բնակչություն՝ Ինդոնեզիան բնակչության թվաքանակով չորրորդն է աշխարհում, ինչպես նաև առաջինը այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները։ Ճավայում, որ ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում, բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։
Ինդոնեզիան ինքնիշխան պետություն է, նախագահական, սահմանադրական հանրապետություն՝ ընտրովի խորհրդարանով։ Այն բաժանված է 34 պրովինցիաների, որոնցից հինգն ունեն հատուկ կարգավիճակ։ Ջակարտան՝ երկրի մայրաքաղաքը, երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքային տարածքն է աշխարհում։ Երկիրը ցամաքային սահմաններ ունի Պապուա Նոր Գվինեայի, Արևելյան Թիմորի և Մալայզիայի հետ (Կալիմանտան կղզում)։ Այն սահմանակից է նաև Սինգապուրին, Վիետնամին, Ֆիլիպիններին, Ավստրալիային, Պալաուին և Հնդկաստանին պատկանող Անդամանյան ու Նիկոբարյան կղզիներին։ Չնայած մեծ թվով բնակչությանը և խիտ բնակեցված տարածքներին՝ Ինդոնեզիան ունի վայրի բնության լայնածավալ տարածքներ, որտեղ առկա է կենսաբազմազանության մեծ մակարդակ։ Երկիրն ունի հարուստ բնական պաշարներ, ինչպիսիք են նավթը, բնական գազը, անագը, պղինձը, ոսկին։ Գյուղատնտեսությունը հիմնականում արտադրում է բրինձ, արմավի յուղ, թեյ, սուրճ, կակաո, դեղաբույսեր, համեմունքներ և ռետին։ Ինդոնեզիայի գլխավոր առևտրային գործընկերներն են Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Սինգապուրն ու Հնդկաստանը։
Հակիրճ տեղեկություններ Ինդոնեզիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Ջակարտա
  • Պետական լեզու … Ինդոնեզերեն
  • Կառավարում … Նախագահական հանրապետություն
  • Նախագահ … Ջոկո Վիդոդո
  • Փոխնախագահ … Յուսուֆ Կալլա
  • Հիմնադրվել է … 1945Թ
  • Ինդոնեզիայի Հանրապետություն … 17 օգոստոս 1945Թ
  • Ընդհանուր տարածքը … 1,919,440 կմ2(14-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 4,85%
  • Բնակչության մարդահամար … 255,759,408(2015Թ՝ 4-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 237,641,326(2010Թ)
  • Բնակեցվածության խտություն … 138,77 մ/կմ2(68-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $1.075 տրիլիոն (2018Թ՝ 16-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0.694 (2017Թ՝ 116-րդը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Ինդոնեզական ռուպիահ(IDR)
  • Ժամային գոտի … UTC+7-ից UTC+9
  • Ազգային դոմեյն … .id
  • Հեռախոսային կոդ … +62

Ինդոնեզիայի տարածքում գտնվում է վաղ մարդկանց բնակության ամենահին արեալներից մեկը։ Ճավայում հոլանդացի մարդաբան Էժեն Դյուբուայի կողմից հայտնաբերվել է ուղիղ քայլող մարդու ենթատեսակներից մեկի՝ պիտեկանտրոպի մնացորդներ, որը հայտնի է նաև որպես ճավայական կապկամարդ և վերաբերում է ստորին պալեոլիթի դարաշրջանին՝ մեր թվարկությունից 1 մլն կամ 700 հազար տարի առաջ։
Մինչև վերջերս գիտության բնագավառում տիրապետող էր այն կարծիքը, թե Ինդոնեզիայի տարածքում բանական մարդն սկսել է բնակվել շուրջ 45 հազար տարի առաջ։ Սակայն նորագույն հնամարդաբանական բացահայտումները թույլ են տալիս այդ գործընթացը սկսված համարել շատ ավելի վաղ, այսպես, նույն Դյուբուայի կողմից Սումատրայում գտնված ժամանակակից տիպի մարդկանց մնացորդները, համաձայն վերջին ուսումնասիրությունների, համարվում են 63-73 հազար տարի առաջվա։ Այդ ժամանակից սկսած տեղի են ունեցել մի քանի միգրացիոն ալիքներ, որոնց ընթացքում Հարավարևելյան Ասիայի մայրցամաքային տարածքներից տեղափոխվել են տարբեր էթնոսների ներկայացուցիչներ, որոնցից ամենաառաջինները պատկանել են ավստրալոիդ ռասային։ Մոնղոլոիդների ներթափանցումը, որ իր հետ բերել է բարձր նեոլիթյան մշակույթ, սկսվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Մոնղոլոիդների առաջին խոշոր ալիքը ձևավորվել են այսպես կոչված պրոտոմալայացիները, երկրորդը, որ վերաբերում է մ.թ.ա. 1-ին դարի կեսերին, դեյտերոմալայացիները։ Վերջիններս, լինելով զարգացած բրոնզեդարյան մշակույթի կրողներ և բնակեցված տարածքում տարածելով երկրագործությունը, դարձել են ժամանակակից ինդոնեզացիների մեծ մասի նախնիները։ Երկրի հիմնական տարածքում բրոնզե դարին անցնելն ավարտին է հասել մինչև մեր թվարկության սկիզբը։ Այդ ժամանակ էլ ծովափնյա շրջաններում սկսվել է անցումը երկաթեդարյան մշակույթին։

Այլ գրառումներ