Lions Pride

0
300
Blog - Animals - Lions Pride

Առյուծ (լատ.՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը համարվում է նաև հովազների ցեղի չորս խոշոր ներկայացուցիչներից մեկը։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։ Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն կրծքավանդակը և պարանոցը ծածկող բաշ, որն էլ այս տեսակի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունն է։ Առյուծներն ապրում են խմբերով․ դասական փրայդը կազմված է մի քանի ազգակից արուներից, չափահաս էգերից և ձագերից՝ կորյուններից։

Lions-ի մասին

Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն շրջակա միջավայրի կենսաբազմազանության ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ, թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։
Պայմանականորեն, առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին։ Պլեյստոցենի ժամանակաշրջանում այս կենդանիները տարածված են եղել ամբողջ Եվրասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում, սակայն ներկայումս վերջիններիս պոպուլյացիաները պահպանվել են բացառապես Ենթասահարական Աֆրիկայում և արևմտյան Հնդկաստանի մի փոքր հատվածում։
1996 թվականին առյուծները ԲՊՄՄ Համաշխարհային Կարմիր գրքում գրանցվել են որպես «խոցելի տեսակներ»․ միայն 1990-ական թվականներից ի վեր Աֆրիկայում առյուծների թվաքանակը նվազել է 43%-ով։ Ներկայումս այս կատվազգիները գլխավորապես հանդիպում են բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Թեպետ առյուծների կրճատման բնական պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, այնուամենայնիվ, հարկ է նշել մարդու կենսագործունեության անուղղակի ներգործության բացասական հետևանքների մասին։Առյուծների միջազգային կարգաբանական անվանումն է Panthera leo, որի համար հիմք է ծառայել լատիներեն «leo» բառը[2]։ Ինքնին, այս բառի լատիներեն տարբերակը փոխառություն է հին հունարենից (հին հունարենում՝ λέων ― լեոն)[3], որն էլ հավաստում է գիտական եզրի հունական ծագման մասին։ Վերոհիշյալ բառը որոշակի ձևափոխությունների ենթարկվելով կիրառվում է ժամանակակից ռոմանական և սլավոնական լեզուներում։ Եբրայերենում ևս բառը արտասանվում է գրեթե նույնությամբ (לָבִיא‎ ― լավի):
Հայերենում կիրառվող «առյուծ» տարբերակն ունի բնիկ հնդեվրոպական ծագում և առաջացել է «reug՛» (թարգմանաբար նշանակում է «մռնչալ») բառարմատից։ Գրական և խոսակցական լեզվուն օգտագործվում են նաև «շեր» և «ասլան» փոխառությունները, իսկ «ուշբան» տարբերակը բնորոշ է բարբառային լեզվին։
Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծների պատկերով կանգնեցվել են արձաններ, նրանց մասին հյուսվել են լեգենդներ և առասպելներ, ինչպես նաև վերջիններս կերպարը դարձել է տարբեր պետությունների ազգային խորհրդանիշների բաղկացուցիչ մաս։ Հնագույն աղբյուրները վկայում են դեռևս վաղ շրջանում Հռոմեական կայսրությունում առյուծների վարժեցման մասին։ Այս կատվազգիների հնագույն նկարներ են հայտնաբերվել հազարամյակների պատմություն ունեցող Լասկոյի և Շովեի քարանձավներում։ Առյուծը պատկերված է նաև Հայաստանի և քաղաքամայր Երևանի զինանշաններին։

Այլ գրառումներ