Լուսնի լույսը` Գի դե Մոպասան

0
203

Քահանա Մարինիոնը բարձրահասակ, նիհար մարդ էր: Հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը: Հավատում էր Աստծուն և վստահ էր, որ հասկանում է նրա կամքը և խորհուրդները: Նա այն մարդկանցից չէր, որոնք կուրորեն սիրում էին կրկնել, «Անքնին են Աստծո գործերը»: Ոչ, քահանան վերլուծում էր բնության յուրաքանչյուր երևույթ, որոնում դրանց պատճառները: Նա այն կարծիքին էր, որ Արարիչն ամեն ինչ իր տեղում է ստեղծել:
Կար մի բան սակայն, որ քահանան ոչ միայն չէր ընդունում, այլ մերժում էր կատարելապես: Դա կինն էր, սերը նրա նկատմամբ: Նրան թվում էր, թե Աստված ինքն էլ դժգոհ է իր այդ արարչագործությունից: Կի՞նը չէր ,որ խաբեց տղամարդուն և ողջ մարդկության գլխին կոտրեց Բարձրյալի զայրույթը և ճակատագրական վճիռը՝. «Հող էիք,հող դառնաք»: Կինն ստեղծվել է տղամարդուն դեպի իր գայթակղիչ թակարդը հրապուրելու և միայն ու միայն փորձանքի մեջ գցելու համար:
Այդպես էր մտածում քահանան և ըստ հնարավորին խուսափում կանանցից:
Քահանա Մարինիոնը Ժաննա անունով մի քրոջաղջիկ ուներ, որն ուրախ ու վառվռուն օրիորդ էր: Խստաբարո մորեղբայրը շատ էր սիրում նրան և ցանականում էր դաստիարակել իր ձևով, բայց երբ փորձում էր խրատներ տալ , աղջիկը զրնգուն ծիծաղում էր, անհամբերության նշաններ ցույց տալիս, նայում խոտերին, ծաղիկներին, վազում թիթեռ բռնելու, ծաղիկ պոկելու: Իսկ երբ առիթի դեպքում քահանան բարկանում էր, աղջիկը գրկում էր նրան, ամուր փարվում նրան և պինդ-պինդ համբուրում: Ծերունին աշխատում էր խուսափել աղջկա գգվանքներից, սակայն հոգու խորքում մի քաղցր ուրախություն էր զգում: Նրա մեջ արթնանում էր սրտում քնած հայրական զգացումը, որից ինքը կամքով զրկված էր եղել ողջ կյանքում:
Մի օր ժամհարի կինը, որ քահանայի տան տնտեսուհին էր, զգուշությամբ հայտնեց, որ Ժաննան սիրահար ունի: Լուրն այնքան անսպասելի էր, որ քահանան մի պահ շնչահեղձ եղավ.
-Ճշմարիտ չէ,սու՛տ ես խոսում, Մելանի:
-Թող Աստված ինձ պատժի, եթե ստում եմ, պարոն քահանա: Ամեն գիշեր, հենց որ ձեր քույրը քնում է, աղջիկը դուրս է գալիս, գնում….
Ամբողջ գիշեր քահանան պայթում էր զայրույթից…
Երբ գիշերվա տասը խփեց, նա մոտեցավ դռանը: Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած: Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր քաղցր լույսով, շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր: Քահանան շարժվում էր համրաքայլ, սքանչացած, գրեթե մոռացած քրոջ աղջկան:
Հասավ դաշտ: Նույն հիասքանչ պատկերը: Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ ու անրջային քաղցրության մեջ:Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ ,իջել ջրերին՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ:
Քահանան հուզված կանգ առավ: Ու՞ մ համար է նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող օդեղեն բանաստեղծությունը: Ու՞մ համար: Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը: Մի՞թե Աստված ինքն իր համար է դա ստեղծել:
Քահանան դեռ ուշքի չէր եկել այդ ամբողջ գեղեցկությունից, երբ ահա գետափին՝ ծառերի կամարի տակ տեսավ երկու ստվեր: Տղան հասակով ավելի բարձր էր և երբեմն-երբեմն կռանալով փարվում էր աղջկան: Նրանց ներկայությունից անշարժ տեսարանն ասես միանգամից կենդանացավ, բնությունը դարձավ կատարյալ:Այժմ արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ, կյանքով լցվեց:
Քահանան ցնցվեց: Ահա թե ում համար էին լուսնյակ գիշերվա սքանչելիքները: Տղան ու աղջիկը կենդանի պատասխանն էին ծեր քահանայի լուռ հարցումի: Նա կանգնած էր շփոթված, հուզված: Նրան թվում էր, թե տեսնում է Աստվածաշնչի սիրո տեսարաններից մեկը, լսում« Երգ Երգոցը»՝ կնոջ ու սիրո գովերգման աստվածաշնչյան պայծառ հիմնը: Թվում էր՝ լսում է Աստծո ձայնը, «Աշխարհը սեր է»:
Քահանան հետ-հետ գնաց, որ չխանգարի սիրահարներին, այլապես մի՞ թե ինքը Աստծո կամքին դեմ չի գնա, և միթե Աստված չէ, որ թույլատրել է սերը: Ո՞ վ է ինքը, որ միջամտի Աստծո գործերին: Ու փախավ ինքն իրեն կորցրած, գրեթե ամոթահար: Կարծես մտած լիներ մի լուսե տաճար, ուր մտնելու իրավունք չուներ:

Այլ գրառումներ