Նորվեգիայի Թագավորություն

0
262
Countries - Norway

Նորվեգիա, պաշտոնական անվանում՝ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), ինքնիշխան և միասնական (ունիտար) միապետություն, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածը, Յան Մայեն կղզին և Շպիցբերգեն կղզեխումբը (արշիպելագ)։ Անտարկտիկայում գտնվող Պետրոս I-ի կղզին և մերձարկտիկական Բուվե կղզին կախյալ տարածքներ են, ուստի թագավորության կազմի մեջ չեն մտնում։ Նորվեգիան հավակնում է նաև Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկրին։ Մինչև 1814 թվականը Թագավորության կազմի մեջ էին մտնում Ֆարերյան կղզիները (1035 թվականից), Գրենլանդիան (1261 թվականից) և Իսլանդիան (1262 թվականից), իսկ մինչև 1468 թվականը՝ նաև Շետլանդյան և Օրկնեյան կղզիները։
Նորվեգիան ունի 385,207 կմ² տարածք և 2016 թվականի մայիսի տվյալներով՝ 5,213,985 բնակչություն։ Ամենաերկարը Շվեդիայի հետ սահմանն է՝ 1,619 կմ։ Հյուսիս-արևելքից սահմանակցում է Ֆինլանդիային և Ռուսաստանին, հարավից՝ Սկագերակ նեղուցին և Դանիային։ Նորվեգիան երկարաձիգ ափեզր ունի Ատլանտյան օվկիանոսով և Բարենցի ծովով։
Հարալդ V-ը՝ Գլյուքսբուրգների գերմանադանիական հարստությունից, Նորվեգիայի ներկայիս միապետն է։ 2013 թվականին վարչապետ դարձավ Էռնա Սուլբերգը, որը փոխարինեց Յենս Ստոլտենբերգին։ Սահմանադրական միապետություն համարվող Նորվեգիայում, 1814 թվականի Սահմանադրության համաձայն, պետական իշխանությունը բաժանված է խորհրդարանի, կառավարության և Գերագույն դատարանի միջև։ Նորվեգիայի Թագավորությունը ստեղծվել է մի քանի մանր թագավորությունների միաձուլման արդյունքում։ Համաձայն ավանդական ժամանակագրության՝ Թագավորությունը շարունակաբար գոյություն ունի սկսած 872 թվականից, այսինքն՝ արդեն 1144 տարի։ Այս երկիրը հաջորդաբար ղեկավարած միապետների ցուցակն ընդգրկում է ավելի քան 60 թագավոր և կոմս։
Հակիրճ տեղեկություններ Նորվեգիայի մասին՝

  • Մայրաքաղաքը … Օսլո
  • Պետական լեզու … Նորվեգերեն
  • Կառավարում … Սահմանափակ միապետություն
  • Երկրի ղեկավար … Հարալդ V
  • Կառավարության ղեկավար … Էռնա Սուլբերգ
  • Հիմնադրվել է … 7 հունիս 1905Թ
  • Նորվեգիայի թագավորություն … 26 հոկտեմբեր 1905Թ
  • Ընդհանուր տարածքը … 385,207 կմ2(67-րդը աշխարհում)
  • Ջրային տարածքը … 5,7%
  • Բնակչության մարդահամար … 5,391,369(2021Թ՝ 119-րդը աշխարհում)
  • Բնակչության Նախահաշիվ … 5,391,369(2017Թ)
  • Բնակեցվածության խտություն … 14մ/կմ2(213-րդը աշխարհում)
  • ՀՆԱ … $344,5 միլիարդ (2018Թ՝ 52-րդը աշխարհում)
  • ՄԶՀ … 0,957 (2020Թ՝ 1-ինը աշխարհում)
  • Ազգային արժույթ … Նորվեգական Կրոն
  • Ժամային գոտի … UTC+1
  • Ազգային դոմեյն … .no
  • Հեռախոսային կոդ … +47

Նորվեգիան ունի երկու պաշտոնական անվանում՝ Noreg՝ նյունորսկում (հին նորվեգերեն՝ Noregr) և Norge՝ բուկմոլում (հին նորվեգերեն՝Noregi, Noregr-ի տրական հոլով)։
Նորվեգիա անվանումը ծագել է հին անգլերեն Norðrveg(r) բառից, որը առաջին անգամ հիշատակվել է 880 թվականին և նշանակում է «հյուսիսային ճանապարհ» կամ «դեպի հյուսիս տանող», որով անգլոսաքսերն անվանել են Նորվեգիայի անտլանտյան ափեզերքը։ Նույն ձևով են կառուցված նաև suðrvegar «հարավային ճանապարհ»-ը՝ Գերմանիայի և austrvegr «արևելյան ճանապարհ»-ը՝ Բալթիկ ծովի համար։ Բրիտանիայի անգլոսաքսերը Նորվեգիայի թագավարությունը 880 թվականին անվանել են նաև Norðmanna land։
Լեզվաբան Միխայել Շուլթեն նշում է, որ հին նորվեգերեն Nuruiak, Nuriki (Nur- :նեղուց, -riki :թագավորություն) անվանումները և ավելի ուշ՝ Noregr (Nore- :նեղուց -gr :ուղի) անվանումը, որը Նորվեգիայի բնակիչների ինքնանվանումն էր, վերաբերում էր ներարշիպելագյան հարավարևմտյան Նորվեգիայի նավագնացության ուղուն։ Սա Նորվեգիայի առաջին թագավոր՝ Հարալդ Շիկահերի կառավարման տարածքն էր, որի պատճառով էլ անվանումը տարածվեց ամբողջ երկրի վրա։ Ավելի նոր մեկնաբանության համաձայն՝ Norvegr բառում nor(ve), նշանակում է նեղ (նորվ.՝ norve) և -(ve)gr (նորվ.՝ veg) նշանակում է նավարկման ուղի։ Բառի ամենահին նշանակությունը մեկնաբանվում է «նեղուցով նեղ ուղի»։ Nore բառը դեռ օգտագործվում է տեղանուններում և ունի նույն նշանակությունը։
849 թվականի մի լատիներեն ձեռագրում նշված է Northuagia անվանումը, այն դեպքում, երբ մոտ 900-ականներին թվագրվող ֆրանսերեն ժամանակագրության մեջ օգտագործվել են Northwegia և Norwegia անվանումները։ Օտտար Հալոգալանցին 9-րդ դարի վերջում Անգլիայում այցելում է Ալֆրեդ Մեծին, երկիրն անվանվում էր Norðwegr և norðmanna land։
Հին նորվեգերեն norðmaðr 9-րդ դարում լատինականացվել է Nortmannus և նշանակել է ինչպես նորվեգացի, այնպես էլ վիկինգ՝ ծնունդ տալով նորմանների անվանմանը։ Նորվեգիայի քրիստոնեությունն ընդունելուց հետո՝ Noregr և Noregi բառերը դարձան ամենատարածվածները, բայց 15-րդ դարի ընթացքում երկու նոր ձև Noreg(h) և Norg(h)e տարածվեցին միջնադարյան Իսլանդիայի ձեռագրերում՝ պահպանվելով մինչև մեր օրերը։

Այլ գրառումներ