Սերգեյ Միխալկով՝ Երեք խոզուկները

0
159

Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:
Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով…
– Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք:
Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:
– Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…
Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:
Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:
– Ինձ ներս չե՞ս թողնի, խոզուկ,- հարցրեց գայլը:
Խոզուկը վախից ոչինչ չասաց, միայն ավելի ամուր փակեց դուռը:
– Լավ, հիմա ես կփչեմ ու քո տունը օդ կբարձրանա,- ասաց գայլը և փչեց,- Փուուո՜ւհ…
Ծղոտե տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ ու փլվեց: Նաֆ Նաֆը սարսափահար փախավ: Նա գնաց ուղիղ Նիֆ Նիֆի տուն: Նա փայտից էր կառուցել իր տունը: Գայլը եկավ ու կանգնեց Նիֆ Նիֆի փայտե տան առջև:
– Ինձ ներս չեք թողնի խոզուկներ,- հարցրեց նա:
Եղբայրները վախից ոչինչ չպատասխանեցին:
– Լավ: Հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա,- ասաց գայլն ու թոքերում որքան ուժ կար փչեց: – Փուուո՜ւհ…
Փայտե տնակն էլ խարխլվեց ու փուլ եկավ: Վախեցած խոզուկները վազեցին դեպի Նուֆ Նուֆի քարե տունը: Իսկ գայլը անշտապ գալիս էր նրանց ետևից:
Նա կանգնեց քարե տան առաջ ու հարցրեց.
– Խոզուկներ, ինձ ներս չե՞ք թողնի:
– Հեռացիր, քանի ողջ ես,- պատասխանեց Նուֆ Նուֆը:
– Լավ, հիմա ես այնպես կփչեմ, որ ձեր տունը օդ կբարձրանա:
Գայլը փչեց, բայց տունը տեղից անգամ չշարժվեց: Նորից փչեց, նորից ոչինչ տեղի չունեցավ: Այնքան փչեց գայլը, որ հոգնեց:
– Փորձեմ ծխնելույզից ներս մտնել,- որոշեց նա:
Բայց երբ բարձրացավ տան կտուրը, որպեսզի ծխնելույզից ներս մտնի, Նուֆ Նուֆը թեժացրեց վառարանի կրակը ու մի կաթսա դրեց վրան: Գայլն ընկավ ուղիղ կաթսայի մեջ ու խաշվեց:
Այդպես խոզուկներն ազատվեցին չար գայլից: Նրանք ողջ ձմեռ ապրեցին Նուֆ Նուֆի տանը, իսկ գարնանը իրենց համար էլ քարե տներ կառուցեցին:

Այլ գրառումներ