Singapore: City of the Future

0
293
Blog - Cities - Singapore

Սինգապուր, պաշտոնապես` Republic of Singapore, ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով: Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային: Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները: Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով (130 կմ²):
Սինգապուրն առևտրաֆինանսական ու տրանսպորտային համապարփակ հանգույց է: Արդի աշխարհի միակ կղզային քաղաք-պետությունն է։
Բրիտանացի գաղութարար Սթեմֆորդ Ռաֆլզը 1819 թվականին հիմնադրել է գաղութային Սինգապուրը` որպես Բրիտանական արևելահնդկական ընկերության առևտրական կետ: 1858 թվականին նրա լուծարումից հետո կղզիները փոխանցվում են Բրիտանական Հնդկաստանին որպես թագավորական գաղութ:

Singapore-ի մասին

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Սինգապուրը բռնազավթվել է Ճապոնիայի կողմից: Այն Բրիտանիայից անկախություն է ձեռք բերել 1963 թվականին` միավորվելով բրիտանական նախկին գաղութների հետ, սակայն գաղափարական տարբերություններից ելնելով` երկու տարի անց սինգապուրցիները անջատվում են նրանցից` 1965 թվականին ձևավորվելով որպես ինքնիշխան ազգ: Չունենալով բնական ռեսուրսներ` Սինգապուրն իր տնտեսությամբ դառնում է «ասիական չորս վագրերից» (Հարավային Կորեա, Հոնկոնգ, Թայվան, Սինգապուր) մեկը` հիմնված արտաքին առևտրի և աշխատուժի վրա: Այն ունի «հանդիպումների միջազգային գլխավոր քաղաքի», «ներդրումային լավագույն պոտենցիալ քաղաքի», ազգը` «տեխնոլոգիական ազգի» համբավ: Սինգապուրը երրորդն է օտար ներդրումների, ամենամեծ ֆինանսական կենտրոն, նավթամշակման և առևտրական կենտրոն լինելու ցուցանիշով, և երկրորդը` ծովային պահեստների առումով: Երկիրը բնորոշվել է նաև որպես «հարկային ծովախորշ»:
Սինգապուրը ՄԱԿ-ի` մարդկային զարգացման ցուցանիշով զբաղեցնում է 5-րդ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով` երրորդ տեղը: Երկիրը բարձր դիրք է զբաղեցնում կրթության, առողջապահության, կյանքի որակի սպասելի բարելավման, անձնական անվտանգության ու բնակարանային ապահովվածության ոլորտներում: Չնայած եկամտային տարբերություններն անհավասար են բաշխված, բնակարանների 90 %-ը անձնական սեփականություն է համարվում: Սինգապուրի 5.6 միլիոն բնակչությունից 38 %-ը համարվում է օտարերկրյա քաղաքացի: Երկրում ընդունված է պաշտոնական 4 լեզու` անգլերեն (առաջինն է ընդհանուր տարածվածությամբ), մալայերեն, ստանդարտ չինարեն (մանդարին) և թամիլերեն: Գրեթե բոլոր սինգապուրցիները երկու լեզվի կրող են:
Սինգապուրը ունիտար խորհրդարանական երկիր է` միապալատ խորհրդարանական կառավարության Վեսթմինիստրյան համակարգով: «Ժողովրդական գործողություն» կուսակցությունը 1959 թվականից ի վեր հաղթել է բոլոր ընտրություններում: ՀՆԱ-ի և մամուլի ազատության ցուցանիշով ունի մեծ ժողովրդավարություն: Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հինգ անդամներից մեկն է: Այն նաև անդամակցում է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդին (APEC), Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին (EAS), Չմիացած երկրների շարժմանը, Ազգերի համագործակցությանը: