Titanic

0
366
Blog - Ships - Titanic

Տիտանիկ (անգլ.՝ Titanic), բրիտանական տրանսատլանտյան շոգենավ, «Օլիմպիկ» դասի երկրորդ նավը։ Կառուցվել է Բելֆաստում «Հարլենդ ընդ Վուլֆ» նավաշինարանում 1909-1912 թվականներին «Ուայթ Սթար Լայն» նավարկային ընկերության պատվերով։ Շահագործումն սկսելու պահին հանդիսանում էր աշխարհի ամենամեծ նավը. նրա ջրատարողությունը գերազանցում էր «Օլիմպիկ» երկվորյակ-նավին 243 տոննայով և կազմում էր 52 310 տ։ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգի հետ՝ խորտակվեց Հյուսիսային Ատլանտիկայում։
«Տիտանիկ»-ը գործի էին դնում երկու խումբ չորսմխոցանի շոգեմեքենաներ և շոգետուրբինը։ Նավի ուժային սարքավորումներն օժտված էին 55 000 ձիաուժ հզորությամբ։ Նավը կարող էր զարգացնել մինչև 23 հանգույց (42 կմ/ժ) արագություն։ Նավի կմախքը կառուցված էր պողպատից։ Նավամբարն ու ստորին տախտակամածերը կազմված էին 16 ջրամեկուսիչ միջնորմներով և հերմետիկ արագափոխիչ դռներով հատվածախուցերից։ Նավը կարող էր ջրի վրա մնալ չորս կից հատվածախուցերի ջրածածկման դեպքում։ Հատակի վնասվելու դեպքում հատվածախուցեր ջրի ներթափանցումը կանխում էր երկտակ հատակը։ «Շիփբիլդեր» ամսագիրը «Տիտանիկ»-ն անվանում էր անկրկնելի. այդ արտահայտությունը լայն տարածում գտավ մամուլում և հանրության շրջանում։ Հնացած կանոնների համաձայն՝ «Տիտանիկ»-ը հագեցած էր ընդամենը 20 փրկամակույկներով, ընդամենը 1178 մարդ տարողությամբ։ Շոգենավի առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում դրանցում կարող էին տեղավորվել նավի վրա գտնվող մարդկանց միայն մեկ երրորդ մասը։
«Տիտանիկ»-ի նավախցերն ու հասարակական շինությունները բաժանվում էին երեք դասի։ Առաջին դասի ուղևորների տրամադրության տակ էին լողավազանը, սկվոշ խաղի կորտը, А la carte ռեստորանը, սրճարանը, մարզասրահը։ Բոլոր դասերում կային ճաշասրահներ և ծխելու սրահներ, բաց և փակ զբոսավայրեր։ Առավել ճոխ ու նրբաճաշակ էին առաջին դասի շինությունների տարբեր գեղարվեստական ոճերով ձևավորված և կարմիր փայտի, ոսկեջրի, ապակենախշերի, մետաքսի և այլ թանկարժեք նյութերի կիրառմամբ հարդարանքը։ Երրորդ դասի նավախցիկներնրն ու սրահները ձևավորված էին հնարավորինս հասարակ. պողպատե պատերը ներկված էին սպիտակով կամ երեսպատված էին փայտե տախտակադրվագներով։
1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր առաջին ուղևորությունը։ Ֆրանսիական Շերբուրում և իռլանդական Քվինսթաունում կանգառ կատարելուց հետո նավը դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով և 908 անձնակազմի անդամներով։ Նավը ղեկավարում էր նավաապետ Էդվարդ Սմիթը։ Ապրիլի 14-ին «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։
Ապրիլի 14-ին ժամը 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բախումը։ Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսեց խորտակվել։ Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանաց և երեխաներին։ Ապրիլի 15-ին, ժամը 2։20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք։ 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։
«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերեց Ռոբերտ Բալարդի արշավախումբը 1985 թվականին։ Հետագայում տարբեր արշավախմբեր օվկիանոսի հատակից վերև են բարձրացրել հազարավոր հետազոտման ենթակա իրեր։ Նավի առաջնային մասը և հետնամասը խրվել են խորը հատակի տիղմի մեջ և գտնվում են վատ վիճակում. դրանք ամբողջովին վերև բարձրացնելն անհնար է։

Titanic-ի մասին

Որպեսզի նավաշինական մյուս ընկերությունների շարքում պահպանի իր մրցունակությունը, Բելֆաստում, «Հարլենդ էնդ Վուլֆ» նավաշինարանում դեռևս 1903 թվականի սկսվեց ամենախոշոր ցամաքային նավանորոգարանի շինարարությունը։ Ուիլյամ Փիրրին մոտ ապագայի համար հեռանկարային համարեց նավերի չափերի մեծացումը։ Նոր շինությունը ստացավ «Թոմսոնի ցամաքային նավանորոգարան» անվանումը։ Նրա կառուցման պայմանագրերը կնքվեցին 1903 թվականին՝ 3.5 տարի կատարման ժամկետով։ Գլխավոր կապալառուն դարձավ լոնդոնյան «Սքոթ & Միդլթոն» ֆիրման, սակայն տեղական ընկերություններն ևս ներգրավվեցին £350 000 արժողությամբ աշխատանքներում։ Նավանորոգարանի երկարությունը կազմում էր 259 մ, լայնությունը՝ 39 մ, հիմքի հաստությունը՝ 6 մ։ Շինարարությունից առաջ Լագան գետի գետաբերանին իրականացվեցին մեծ ծախսեր պահանջող հատակախորացման աշխատանքներ։ Նավանորոգարանը նախատեսված էր մեծ նավերի կառուցման շխատանքները ավարտելու և վերանորոգման համար, ինչպիսիք էին «Օլիմպիկ» դասի նավերը։
«Օլիմպիկ» դասի երկու առաջին նավերի՝ «Օլիմպիկի» և «Տիտանիկի» կառուցման համար «Հարլեն էնդ Վուլֆ» նավաշինարանում երեք շինարարարկան հրապարակները հարկ եղավ վերափոխել երկուսի[12]։ Նախապատրաստման ընթացքում նավերի շինություններին երկու նոր նավարաններին կամրջաշինական «Sir William Arrol & Co.ruen» ընկերության կողմից կառոցվեցին 69,5մ բարձրությամբ, 83մ լայնությամբ և ավելի քան 6 հազար տոննա զանգվածով այծենու շրջանակներ, իսկ դրանց վրա կառուցվեց 200 տոննա զանգված ունեցող 60 մետր աղեղ ունեցող շրջանակա-աշտարակային շարժասայլակով կռունկը, որն այդ պահին ամենամեծն էր աշխարհում։ Տարբեր բեռնաբարձական աշխատանքների համար կառուցվեցին ևս 12 օժանդակ շարժական կռունկներ և 6 շարժական ձողակառույցներ (յուրաքանչյուր նավարանի վրա 3-ական)։

Այլ գրառումներ

Blog - Megafactories - LearJet

LearJet

0
Blog - Animals - Lynx

Lynx

0