Սպիտակ լռություն-Ջեք Լոնդոն

0
181

― Կարմենը երկու օր էլ չի ապրի։
Մեյսոնը սառցի կտորը թքեց և տխուր նայեց դժբախտ կենդանուն, հետո, շան թաթը բերանին մոտեցնելով, սկսեց նորից կծոտել նրա մատների արանքում գոյացած խոշոր սառցակտորները։
― Ինչքան որ արտասովոր անունով շուն եմ տեսել, ոչ մեկն էլ բանի պետք չի եղել,― իր գործն ավարտելով, ասաց նա, ու մի կողմ հրեց շանը։― Նրանք տկարանում են և վերջ ի վերջո սատկում։ Դու տեսե՞լ ես, որ պարզապես Կասյար, Սիվաշ կամ Հասկի անունով շան հետ որևէ վատ բան պատահի։ Երբեք։ Ապա մի նայիր Շուքումին։ Նա․․․
Հա՛փ։ Խիստ նիհար շունը վեր թռավ տեղից, վրա պրծավ ու քիչ մնաց, որ ժանիքները խրեր Մեյսոնի կոկորդը։
― Այդ ի՞ նչ անցավ մտքովդ։
Մտրակի կոթով նա ուժեղ հարվածեց շան գլխին ու գլորեց ձյան մեջ։ Շունը ջղաձգորեն ցնցվում էր, ժանիքներից դեղին լորձունք էր կաթում։
― Ես էլ այդ եմ ասում, ապա մի նայիր Շուքումին․ Շուքումը չի վրիպի։ Գրազ կգամ, որ մի շաբաթ չանցած՝ նա կգզի Կարմենին։
― Իսկ ես,― ասաց Մեյլմյութ Քիդը, շուռ տալով խարույկի մոտ տաքացող հացը,― գրազ կգամ, որ մինչև տեղ հասնելը՝ մենք ինքներս կուտենք Շուքումին։ Ի՞նչ կասես սրան, Ռո՛ւֆ։
Հնդկացի կինը մի կտոր սառույց գցեց սուրճի մեջ, որպեսզի թանձրուքը նստի, հայացքը Մեյլմյութ Քիդից շրջեց ամուսնու, հետո շների վրա, բայց ոչինչ չպատասխանեց։ Այդքան ակնհայտ ճշմարտությունը հաստատման կարիք չէր զգում։ Նրանք ուրիշ ելք չունեին։ Դեռևս երկու հարյուր մղոն պետք է անցնեն մի ճանապարհով, որով ոչ ոք չի անցել, ուտելիքը կբավականացնի ընդամենը վեց օր, իսկ շների համար ոչինչ չկա։
Երկու որսորդներն ու կինը մոտեցան խարույկին և սկսեցին իրենց աղքատիկ նախաճաշը։ Շները պառկել էին լծասարքով, քանի որ դա ցերեկային կարճատև դադար էր, ու նախանձով հետևում էին մարդկանց յուրաքանչյուր պատառին։
― Վաղվանից ո՛չ մի նախաճաշ,― ասաց Մեյլմյութ Քիդը, և աչքը շների վրա պահել․ նրանք ուժասպառ են եղել ու մեկ էլ տեսար, մի հարմար առիթ գտնելով, հարձակվեցին մեզ վրա։
― Իսկ չէ՞ որ ես ժամանակին մեթոդական համայնքի ղեկավար եմ եղել ու դասավանդել կիրակնօրյա դպրոցում։
Եվ, չգիտես ինչու այս մասին հայտարարելով, Մեյսոնը սկսեց մտածկոտ զննել իր մոքասինները որոնցից գոլորշի էր բարձրանում։ Ռուֆը, մի բաժակ սուրճ լցնելով Մեյսոնի համար, նրան սթափեցրեց։
― Փառք աստծու, որ գոնե բավականաչափ թեյ ունենք։ Ես տեսել եմ, թե ինչպես է թեյն աճում տանը, Թեննեսիում։ Ի՜նչ ասես, որ չէի տա հիմա եգիպտացորենից թխված տաք բոքոնի համար։ Մի՛ տխրիր, Ռուֆ, մի քիչ էլ՝ և դու այլևս երբեք սոված չես լինի, և հետո՝ մոքասին էլ հագնելու կարիք չես ունենա։
Այս խոսքերը լսելիս՝ կնոջ դեմքի մռայլությունն անցավ, աչքերը շողացին՝ լցված սիրով իր սպիտակամորթ տիրոջ նկատմամբ, առաջին սպիտակամորթ մարդու նկատմամբ, որին նա հանդիպել էր, առաջին տղամարդու նկատմամբ, որը նրան ցույց տվեց, որ կնոջ մեջ կարելի է տեսնել ո՛չ միայն անասուն կամ գրաստ։
― Այո, Ռուֆ,― շարունակեց նրա ամուսինը պայմանական լեզվով, այն միակ լեզվով, որով նրանք կարող էին բացատրվել իրար հետ,― շուտով մենք դուրս կգանք այստեղից, կնստենք սպիտակամորթի նավակն ու կգնանք Աղի Ջուր։ Այո, վատ ջուր է, կատաղի ջուր է, կարծես ջրալեռներ են վեր ու վար անում։ Իսկ որքա՜ն շատ է այն, որքա՜ն երկար պետք է նավարկել նրա վրայով։ Գնում ես տասը քնել֊զարթնել, քսան քնել֊զարթնել, քառասուն քնել֊զարթնել,― ավելի պատկերավոր դարձնելու համար Մեյսոնը օրերը հաշվում էր մատների վրա,― և միշտ ջուր, վատ ջուր։ Հետո կհասնենք մեծ գյուղը, ժողովուրդը շատ, ոնց որ մլակներն ամռանը։ Վիգվամները այ այսքան բարձր են՝ տասը, քսան սոճու բարձրության․․․ Է՜հ։
Նա, այլևս բառ չգտնելով, լռեց և աղերսական հայացքով նայեց Մեյլմյութ Քիդին, հետո հոգացողությամբ սկսեց ձեռքերով ցույց տալ, թե որքան բարձր կլինի, եթե քսան սոճիներ իրար վրա դրվեն։ Մեյլմյութ Քիդը ծաղրալի ժպտաց, բայց Ռուֆի աչքերը զարմանքից ու երջանկությունից լայնացան․ նա կարծում էր, թե ամուսինը կատակում է, և այդպիսի ողորմածությունը բերկրանքով էր լցնում նրա կանացի խեղճ սիրտը։
― Իսկ հետո կնստենք այդ․․․ այդ արկղի մեջ և՝ շաա՜մփ― գնացինք։― Որպես բացատրություն Մեյսոնը վերև նետեց դատարկ բաժակը ու, ճարպկությամբ բռնելով, գոռաց։― Եվ ահա՝ շաա՜մփ― արդեն հասանք։ Օ՜ մեծն ոգիներ։ Դու մեկնում ես Ֆորտ Յուքոն։ Իսկ ես մեկնում եմ Արկտիկ-Սիթի՝ քսանհինգ քնել-զարթնել։ Երկա՜ր պարան այնտեղից այստեղ, ես բռնում եմ այդ պարանից և ասում՝ «Ալլո՜, Ռուֆ։ Ինչպե՞ս ես»։ Իսկ դու ասում ես՝ «Այդ դո՞ւ ես, ամուսնյակս»։ Ես ասում եմ՝ «Այո»։ Իսկ դու ասում ես․ «Հաց թխել հնարավոր չէ, սոդան վերջացել է»։ Այն ժամանակ ես ասում եմ՝ «Մառանը նայիր, ալյուրի տակ։ Մնաս բարով»։ Դու մտնում ես մառան և ուզածիդ չափ սոդա վերցնում։ Եվ դու ամբողջ ժամանակ Ֆորտ Յուքոնում ես, իսկ ես՝ Արկտիկ֊Սիթիում։ Ահա թե ինչպիսի՜ն են ոգիները։
Ռուֆն այնքան պարզամտորեն ժպտաց այս կախարդական հեքիաթի վրա, որ տղամարդիկ ծիծաղից թուլացան։ Կռվող շների բարձրացրած աղմուկը ընդհատեց հեռավոր երկրի հրաշքների վերաբերյալ պատմությունները, ու մինչ կռվարարներին կբաժանեին, կինն արդեն հասցրել էր կապել շնասահնակը , և ամեն ինչ պատրաստ էր ճանապարհ ընկնելու համար։
― Առաջ, Քաչա՛լ։ Հե՜յ, առաջ։
Մեյսոնը ճարպկորեն շրխկացրեց մտրակը և, երբ շները կամացուկ կլանչելով սկսեցին ձգել լծասարքերը, հենվեց դարձաձողանին ու տեղից շարժեց սառած-կպած սահնակը։ Ռուֆը գնում էր նրա հետևից՝ երկրորդ լծվածքի հետ, իսկ Մեյլմյութ Քիդը, որ սրան օգնեց տեղից շարժվելու, եզրափակում էր երթը։ Նա, լինելով ուժեղ ու խստաբարո մի մարդ, որը կարող է մի հարվածով եզանը գետին տապալել, չէր կարող ծեծել դժբախտ շներին և հնարավորին չափ խնայում էր նրանց, մի բան, որ հազվադեպ են անում սահնակավարները։ Երբեմն, նրանց նայելով, Մեյլմյութ Քիդը քիչ էր մնում լաց լիներ խղճահարությունից։
― Դե, գնացեք, սատկածներ,― փնթփնթաց նա ծանր շնասահնակը տեղից շարժելու մի քանի անօգուտ փորձերից հետո։
Վերջապես նրա համբերությունը փոխհատուցվեց և, ցավից կլանչելով, շները առաջ նետվեցին՝ հասնելու իրենց ցեղակիցներին։
Խոսակցությունները լռեցին։ Դժվարին ճանապարհր այդպիսի շքեղության իրավունք չի տալիս։ Իսկ Հյուսիսում ճանապարհ գնալը չարքաշ, սպանիչ գործ է։ Երջանիկ է նա, ով լռության գնով մեկ օր կդիմանա այդպիսի ճանապարհին, այն էլ դեռ բացված արահետով։
Բայց չկա ավելի հոգնատանջ աշխատանք, քան ճանապարհ բացելը։ Հյուսված լայն դահուկները յուրաքանչյուր քայլափոխում թաղվում են, և ոտքերը մինչև ծնկները խրվում ձյան մեջ։ Հետո պետք է ոտքը զգուշությամբ քաշել-հանել,― ուղղաձիգ դրությունից չնչին շեղումն անգամ կարող է չարիք դառնալ,― մինչև որ դահուկի մակերեսը մաքրվի ձյունից։ Այն Ժամանակ մի ոտքդ առաջ ես դնում և սկսում ես հանել մյուս ոտքդ, նույնպես առնվազն կես յարդ։ Ով այդ առաջին անգամ է անում, նա հարյուր յարդ անցնելուց հետո ուժասպառությունից ընկնում է, նույնիսկ եթե մինչ այդ մի դահուկը մյուսին չի կպել և ինքը հասակով մեկ չի փռվել, վստահելով դավաճան ձյանը։ Ում որ հաջողվի ամբողջ օրվա ընթացքում ոչ մի անդամ շների ոտքերի տակ չընկնել, նա կարող է մաքուր խղճով ու մեծագույն հպարտությամբ մտնել քնապարկի մեջ. իսկ նրան, ով քսան օր կքայլի Հյուսիսային Մեծ Արահետով, աստվածներն անգամ կարող են նախանձել։
Օրն իրիկնանում էր, և Սպիտակ Լռության վեհությունից ճնշված ուղևորներն անձայն ճանապարհ էին բացում իրենց համար։ Բնությունը շատ միջոցներ ունի մարդուն համոզելու, որ նա մահկանացու է՝ անընդհատ իրար հաջորդող մակընթացություններն ու տեղատվությունները, կատաղի փոթորիկները, ահավոր երկրաշարժերը, երկնային հրետանու որոտալից դղրդյունները։ Բայց ամենահզորը, ամենակործանիչը Սպիտակ Լռությունն է՝ իր անտարբերությամբ։ Ոչինչ չի շարժվում, երկինքը պայծառ է՝ փայլեցրած պղնձի նման, չնչին շշնջյունը թվում է սրբապղծություն, և մարդ վախենում է իր իսկ արձակած ձայնի հնչյունից։ Լինելով կենդանության միակ մասնիկը, որ շարժվում է մեռյալ աշխարհի ցնորական անապատով, նա սարսափում է իր հանդգնությունից, ցավագին գիտակցելով, որ ինքը սոսկ մի որդ է։ Ինքնաբերաբար տարօրինակ մտքեր են ծնվում, տիեզերքի գաղտնիքը որոնում է իր արտահայտությունը։ Եվ մարդ սարսափով է համակվում մահվան հանդեպ, աստծու հանդեպ, ամբողջ աշխարհի հանդեպ, իսկ սարսափի հետ միաժամանակ լցվում է հարության ու կյանքի հույսով և անմահության կարոտով― գերված մատերիայի ապարդյուն ձգտում․ ահա հենց այդ պահին էլ մարդ մնում է մենակ աստծու հետ։
Օրն իրիկնանում էր։ Գետի հունն այստեղ կտրուկ շրջադարձ էր կատարում, և Մեյսոնը, որպեսզի ավելի կարճ ճանապարհով գնա, իր սահնակը տարավ նեղ հրվանդանով։ Բայց շները ոչ մի կերպ չէին կարողանում վերելքը հաղթահարել։ Սահնակը ցած էր սահում, թեև Ռուֆը և Մեյլմյութ Քիդը հրում էին հետևից։ Եվս մի հուսահատ փորձ․ քաղցից թուլացած խեղճ կենդանիները վերջին ուժերը լարեցին։ Վեր, ավելի վեր, և սահնակը հասավ ափին։ Բայց առաջատար շունը այդ պահին լծասարքը քաշեց դեպի աջ, և սահնակն անցավ Մեյսոնի դահուկների վրայով։ Հետևանքները տխուր էին․ Մեյսոնը սայթաքեց, շներից մեկը փռվեց գետնին՝ խճճվելով ձգափոկերի մեջ, և սահնակը զառիվայր լանջով ներքև գլորվեց, իր հետ տանելով լծվածքը։
Շըրը՜խկ։ Շըրը՜խկ։ Սուլում էր մտրակը օդում, և ամենից շատ բաժին ընկավ տապալված շանը։
― Բավական է, Մեյսոն,― միջամտեց Սեյլմյութ Քիդը։― Խեղճն առանց այն էլ վերջին շնչումն Է։ Կաց, հիմա իմ շներին կլծենք։
Մեյսոնը սպասեց, մինչև նա խոսքը վերջացնի, և երկար մտրակը փաթաթվեց մեղավոր շանը։ Կարմենը (այդ նա էր) աղեկտուր կլանչեց, թաքնվեց ձյան տակ, հետո շրջվեց կողքի վրա։
Դա ծանր, տանջալից պահ էր ուղևորների համար, շունը սատկում է, երկու ընկերները վիճում են։ Ռուֆը աղերսական հայացքը շրջում էր մեկից մյուսի վրա։ Բայց Մեյլմյութ Քիդը զսպեց իրեն, թեպետև նրա աչքերը դառն կշտամբանք էին արտահայտում, և, կռանալով շան վրա, լծափոկերը կտրեց։ Ոչ ոք ոչ մի բառ չասաց, լծվածքները միացրին․ վերելքը հաղթահարվեց․ շնասահնակը նորից ճանապարհ ընկավ։ Կարմենը, վերջին ուժերը լարելով, քարշ էր գալիս հետևից։ Քանի դեռ շունը կարող է գնալ, նրան չեն սպանում, նա ապրելու վերջին հույսը չի կորցնում, մի կերպ կհասնի մինչև կանգառ, իսկ այնտեղ մարդիկ միգուցե իշայծյամ կխփեն։
Զղջալով իր արածի համար, բայց համառությունից չցանկանալով խոստովանել, Մեյսոնր գնում էր առջևից ու մտքով չէր անցնում վերահաս վտանգը։ Նրանք գնում էին հարթավայրում գտնվող խիտ թփուտների միջով։ Մի հիսուն ֆուտ այն կողմ երկինք էր սլանում մի հին սոճի։ Դարեր էր կանգնել նա այստեղ, և ճակատագիրը դարեր շարունակ այդպիսի վախճան էր պատրաստել նրա համար, նրա, բայց գուցե միաժամանակ նաև Մեյսոնի համար։
Մոքասինի թուլացած կապը ձգելու համար Մեյսոնը կանգ առավ։ Սահնակը անշարժացավ, և շները լուռ պառկեցին ձյան վրա։ Շուրջը չարագուշակ լռություն էր տիրում, ձյունածածկ անտառում ոչ մի շարժում չկար, ցուրտն ու կատարյալ անդորրը սառեցրել էին բնության սիրտը և գամել նրա դողացող շուրթերը։ Հանկարծ օդում մի հառաչ լսվեց․ նրանք նույնիսկ չլսեցին, այլ ավելի շուտ այն զգացին որպես շարժման նախագուշակ այդ անշարժ անապատում։ Եվ ահա տարիների ճնշման ու ձյան ծանրության տակ կռացած վիթխարի ծառը իր վերջին դերը խաղաց կյանքի ողբերգության մեջ։ Մեյսոնը ճարճատյուն լսեց, ուզեց մի կողմ փախչել, բայց դեռ չէր հասցրել շտկվել, երբ ծառը, ուսին հարվածելով, ճզմեց նրան։
Անակնկալ վտանգ, վայրկենական մահ․ որքա՜ն հաճախ էր Մեյլմյութ Քիդը բախվում թե մեկի, թե մյուսի հետ։ Ճյուղերի ասեղիկները դեռ դողում էին, իսկ նա արդեն հասցրեց հրահանգել Ռուֆին և օգնության նետվել։ Հնդկացի կինը նույնպես իրեն չկորցրեց և իզուր արցունքներ չթափեց, ինչպես կանեին նրա սպիտակամորթ քույրերից շատերը։ Մեյլմյութ Քիդի առաջին իսկ խոսքով նա ամբողջ մարմնով ընկավ որպես լծակ հարմարեցված փայտի վրա, թեթևացնելով ծանրությունը և ականջ դնելով ամուսնու տնքոցներին, իսկ Մեյլմյութ Քիդն սկսեց կացնով ծառը կտրել։ Պողպատը զնգում էր, մխրճվելով սառած ծառաբնի մեջ, և ամեն մի հարվածին ուղեկցում էր Մեյլմյութ Քիդի ծանր ու բարձրաձայն արտաշնչում ը։
Վերջապես Քիդը ձյան վրա դրեց այն բանի խղճուկ մնացորդները, ինչ մի քիչ առաջ մարդ էր։ Բայց իր ընկերոջ տանջանքներից ավելի ահավոր էին համակ վիշտ դարձած կինը և հույսով ու հուսահատությամբ լի նրա հայացքը։ Քիչ բան ասվեց. Հյուսիսի բնակիչները վաղ են հասկանում խոսքերի ունայնությունը և գործելու անգնահատելի բարիքը։ Վաթսունհինգ աստիճան սառնամանիքի դեպքում մարդը չպետք է երկար պառկի ձյան վրա։ Նրանք կտրեցին սահնակի փոկերը և դժբախտ Մեյսոնին փաթաթեցին գազանամորթիների մեջ ու դրեցին ճյուղերից հյուսված փռվածքի վրա։ Բոցկլտաց խարույկը. որպես վառելիք օգտագործվեց հենց այն ծառը, որը դժբախտության պատճառ էր դարձել։ Խարույկի վրա ծածկ սարքեցին. առագաստալաթ քաշեցին, որ ջերմությունը պահի և անդրադարձնի, մի միջոց, որը քաջածանոթ է բնությունից ֆիզիկա սովորող մարդկանց։
Նրանք, ովքեր շատ անգամ են նայել մահվան երեսին, ճանաչում են նրա կանչը։ Մեյսոնը սաստիկ խեղանդամված էր։ Դա պարզ դարձավ նույնիսկ թռուցիկ կերպով զննելուց հետո. աջ ձեռքի, ազդրի և ողնաշարի կոտրվածք․ ոտքերն անդամալույծ են դարձել, հավանաբար, վնասված են նաև ներքին օրգանները։ Միայն դժբախտի հազվադեպ տնքոցներն էին վկայում, որ նա դեռ կենդանի Է։
Ոչ մի հույս չկա, ոչինչ անել հնարավոր չէ։ Դանդաղորեն վրա էր հասնում անողոք գիշերը։ Ռուֆը այն դիմավորեց իր ժողովրդին հատուկ տոկուն հուսահատությանբ։ Մեյլմյութ Քիդի բրոնզե դեմքի վրա մի քանի կնճիռ ավելացավ։ Ըստ էության բոլորից քիչ Մեյսոնն էր տառապում։ Նա փոխադրվել էր Արևելյան Թեննեսի, Մշուշապատ Մեծ Լեռների մոտ և վերապրում էր իր մանկությունը։ Սրտառուչ հնչում էր վաղուց մոռացված հայրենի քաղաքի մեղեդին. նա զառանցանքի մեջ տեսնում էր, որ լողանում է լճերում, ջրարջ է որսում, ձմերուկ թռցնում։ Ռուֆի համար դրանք անհասկանալի հնչյուններ էին, բայց Քիդը հասկանում էր ամեն ինչ, և ամեն մի բառը արձագանքում էր նրա հոգում. այդպես կարեկցել կարող է միայն նա, ով երկար տարիներ զրկված է եղել այն ամենից, ինչը կոչվում է քաղաքակրթություն։
Մեռնողը լուսադեմին ուշքի եկավ, և Մեյլմյութ Քիդը կռացավ նրա վրա՝ աշխատելով որսալ շշնջյունը․
― Հիշո՞ւմ ես, ինչպես հանդիպեցինք մանանայում… Առաջիկա սառցահոսքին կբոլորի չորս տարին․․․ Այն ժամանակ ես նրան այնքան էլ չէի սիրում, նա պարզապես լավիկն էր․․․ և ես էլ հափշտակվեցի։ Իսկ հետո կապվեցի նրա հետ։ Նա լավ կին էր ինձ համար, դժվար պահերին՝ միշտ կողքիս։ Իսկ ինչ վերաբերում է մեր գործին, ինքդ էլ գիտես՝ նրա նմանը չկա… Հիշո՞ւմ ես, թե նա ինչպես լողաց անցավ Եղջերվի Կոտոշ սահանքները և ինձ ու քեզ հանեց ժայռի վրայից, այն էլ ջրի երեսին շրմփացող գնդակների տարափի տակ։ Հապա սո՞վը Նուքլուկայտոյում։ Եվ ինլպե՞ս էր նա վազում սառույցների վրայով, շտապում, որ լուրը շուտ հասցնի մեզ։ Այո, Ռուֆը լավ կին է եղել ինձ համար, ավելի լավ, քան այն մյուսը․․․ Դու չգիտեի՞ր, որ ես ամուսնացած եմ եղել։ Քեզ չե՞մ ասել։ Այո, մի անգամ փորձեցի ամուսնացած մարդ դառնալ․․․ տանը, նահանգներում։ Հենց այդ պատճառով էլ այստեղ ընկա։ Իսկ չէ՞ որ միասին ենք մեծացել։ Հեռացա, որ ապահարզանի առիթ տամ նրան։ Եվ նա ստացավ։
Ռուֆը ուրիշ է։ Ես մտածում էի այստեղ գործերս վերջացնել և եկող տարի նրա հետ միասին մեկնել։ Բայց հիմա այդ մասին խոսելն արդեն ուշ է։ Քիդ, Ռուֆին ետ չուղարկես իր ցեղի մոտ։ Այնտեղ շատ դժվար կլինի նրա համար։ Ապա մի մտածիր, գրեթե չորս տարի մեզ հետ միասին բակլա, ապուխտ, հաց, չորացրած միրգ ուտել և դրանից հետո՝ նորից ձուկ կամ եղջերվամիս։ Ավելի հեշտ կյանք տեսնել, սովորել դրան, իսկ հետո վերադառնալ հնին։ Նրա համար դժվար կլինի։ Քիդ, հոգա նրա մասին… Իսկ ինչու դու… ասենք չէ, դու միշտ խուսափել ես կանանցից… Ախր ես այնպես էլ չեմ իմանա, թե ինչը քեզ բերեց այստեղ։ Բարի եղիր նրա հանդեպ և հնարավորին չափ շուտ ուղարկիր նրան Նահանգներ։ Բայց եթե նա կարոտի իր հայրենիքը՝ օգնիր նրան վերադառնալու։
Երեխա՜ս… նա է՛լ ավելի մոտեցրեց մեզ, Քիդ։ Ուզում եմ հուսալ, որ տղա կլինի։ Ապա մի մտածի՜ր, Քիդ։ Իմ միս ու արյունից։ Նա չպետք Է այստեղ մնա։ Իսկ եթե աղջիկ է․․․ ոչ, այդ չի կարող լինել… Ծախիր իմ մորթիները, կարելի է մի հինգ հազար ստանալ դրանցից, և հետո՝ մի այդքան էլ ունեմ Ընկերությունում։ Իմ գործերը կարգավորիր քոնի հետ մեկտեղ։ Կարծում եմ, մեր հայտը իրեն կարդարացնի… Լավ կրթություն տուր նրան… Իսկ գլխավորը, Քիդ, այն է, որ նա այստեղ չվերադառնա։ Այստեղ սպիտակամորթ մարդու տեղ չէ։
Իմ երգը երգված է, Քիդ, Լավագույն դեպքում երեք կամ չորս օր կտևի։ Ձեզ հարկավոր է առաջ գնալ։ Դուք պետք է շարունակեք գնալ։ Հիշիր, սա իմ կինն է, իմ որդին… Աստվա՜ծ իմ։ Միայն թե տղա լինի։ Մի՛ մնացեք ինձ հետ։ Ես ձեզ հրամայում եմ հեռանալ։ Հնազանդվիր մեռնողին։
― Մի երեք օր էլ տուր ինձ,― աղաչեց Մեյլմյութ Քիդը,― Գուցե դրությունդ թեթևանա, դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի։
―- Ո՛չ,
― Միայն երեք օր։
― Հեռացե՛ք։
― Երկու օր։
― Քիդ, դա իմ կինն է և իմ որդին։ Ինձ մի՛ խնդրիր։
― Մե՛կ օր։
― Ո՛չ։ Հրամայում եմ։
― Միայն մեկ օր։ Ուտելիքի գործը մի կերպ յոլա կտանենք, գուցե և իշայծյամ խփեմ։
― Ոչ… Դե լավ․ մեկ օր, և ոչ մի րոպե ավելի։ Եվ հետո, Քիդ, մի՛ թողնի, որ մենակության մեջ մեռնեմ։ Միայն մի կրակոց, ձգանի միայն մեկ սեղմում։ Հասկացա՞ր։ Հիշիր այս։ Հիշի՛ր․․․ Իմ միս ու արյունից է, իսկ ես նրան չեմ տեսնի… Ինձ մոտ կանչիր Ռուֆին։ Ուզում եմ հրաժեշտ տալ նրան… կասեմ, որ հիշի որդուս ու չսպասի իմ մեռնելուն։ Թե չէ մեկ էլ տեսար, հրաժարվեց քեզ հետ գնալուց։ Մնաս բարով, բարեկամ, մնաս բարո՜վ։ Քիդ, սպասիր… պետք է ավելի վերև փորել։ Ամեն անգամ ես այնտեղ լվանալով, ստացել եմ մի քառասուն սենթի չափ։ Եվ հետո, Քիդ…
Սա ավելի ցած կռացավ, որսալով վերջին, հազիվ լսելի բառերը՝ իր հպարտությունը խոնարհած մեռնողի խոստովանանքը։
― Ներիր ինձ…. գիտես թե ինչի համար… Կարմենի համար։
Լացող կնոջը թողնելով ամուսնու մոտ, Մեյլմյութ Քիդը վրան գցեց պարկան, կապեց դահուկները և հրացանը վերցնելով, անհետացավ անտառում։ Խստաշունչ Հյուսիսի հետ գոտեմարտի մեջ մտնելը նորություն չէր նրա համար, բայց երբեք այդքան դժվարին խնդիր դրված չէր եղել նրա առջև։ Եթե վերացականորեն դատենք, ապա դա պարզ թվաբանություն էր, երեք կյանք մեկի՝ դատապարտված մեկի դեմ։ Բայց Մեյլմյութ Քիդը տատանվում էր։ Մեյսոնի հետ նրան կապում էին մտերմության հինգ տարիներ, որ անց էին կացրել իջևանատեղերում և ոսկու հանքերում, գետերով ու արահետներով թափառելիս, այն մահացու վտանգի մեջ, որին իրենք հանդիպել էին որս անելիս, սովի, ջրհեղեղի ժամանակ։ Այնքան ամուր էր նրանց կապը, որ նա հաճախ մի անորոշ խանդ էր զգում Ռուֆի հանդեպ, առաջին իսկ օրից, երբ սա կանգնեց իրենց միջև։ Իսկ հիմա այդ կապը պետք է խզել սեփական ձեռքով։
Նա երկնքից աղաչում էր, որ մի իշայծյամ ուղարկի իրեն, միայն մի իշայծյամ, բայց թվում էր, թե կենդանին հեռացել է երկրից, և երեկոյան դեմ, ուժասպառ, նա վերադարձավ դատարկ ձեռքով ու ծանրացած հոգով։ Շների խլացնող հաչոցը և Ռուֆի սուր ճիչերը նրան ստիպեցին արագացնել քայլերը։
Իջևանատեղին մոտենալով՝ Մեյլմյութ Քիդը տեսավ, որ հնդկացի կինը կացնով ետ է մղում իրեն շրջապատած ոռնացող ոհմակը։ Շները, իրենց տերերի երկաթյա օրենքը խախտելով, հարձակվել էին պարենամթերքի վրա։ Քիդը շտապեց օգնության, գործի դնելով հրացանի խզակոթը, և բնական ընտրության հնագույն ողբերգությունը կատարվեց իր նախնադարյան ամբողջ դաժանությամբ։ Հրացանն ու կացինը համաչափ բարձրանում ու ցած էին իջնում, մերթ հասնելով նպատակին, մերթ վրիպելով, շները գալարվելով մի կողմից մյուսն էին ցատկում, կատաղորեն փայլատակում էին նրանց աչքերը, փսլինքը թափվում էր բաց երախներից։ Մարդն ու գազանը մոլեգնորեն կռվում էին տիրապետության համար։ Այնուհետև ծեծված շները սողալով հեռացան խարույկից, լիզելով վերքերը և աղեկտուր ոռնոցն ուղղելով աստղերին։
Չորացրած ձկան ամբողջ պաշարը ոչնչացված էր, և հետագա ավելի քան երկու հարյուր մղոն ճանապարհի հարմար մնում էր ընդամենը հինգ ֆունտ ալյուր։ Ռուֆը նորից մոտեցավ ամուսնուն, իսկ Մեյլմյութ Քիդը քերթեց շներից մեկին, որի գանգը փշրված էր կացնով, և կտոր-կտոր արեց դեռևս տաք միսը։ Նա բոլոր կտորները պահեց հուսալի տեղում, իսկ մորթին ու փորոտիքը գցեց սպանված շան ընկերներին։
Առավոտը նոր հոգսեր բերեց։ Շները գզվռտում էին։ Ոհմակը հարձակվեց Կարմենի վրա, որը դեռևս կառչում էր կյանքից։ Մտրակի հարվածները գործին չօգնեցին։ Շները կաղկանձում էին ու սեղմվում գետնին, և ցրվեցին միայն այն ժամանակ, երբ Կարմենից ոչ ոսկոր էր մնացել, ոչ էլ նույնիսկ մի փունջ բուրդ։
Մեյլմյութ Քիդը գործի անցավ՝ ականջը պահած Մեյսոնի զառանցանքին, նա դարձյալ փոխադրվել էր Թեննեսի, նորից անկապ քարոզներ էր կարդում։ ինչ-որ բանում համոզելով իր եղբայրակիցներին։
Սոճիները մոտիկ էին, և Մեյլմյութ Քիդը արագ իր գործն էր անում, Ռուֆը նայում էր, թե նա ինչպես է պահեստարան կառուցում, որպիսին սարքում էին որսորդները, ցանկանալով մթերքը պահպանել կուղխերից ու շներից։ Քիդը երկու փոքրիկ սոճիների կատարները կռացրեց գրեթե մինչև գետին և դրանք կապեց եղջերվակաշվի փոկերով։ Այնուհետև, մտրակի հարվածներով սաստելով շներին, նրանց լծեց սահնակին ու վրան բարձեց ամեն ինչ, բացի այն մորթիներից, որոնց մեջ փաթաթված էր Մեյսոնը։ Նա ընկերոջը կապկպեց փոկերով, դրանց ծայրերը ամրացնելով փոքրիկ սոճիների կատարներին։ Դանակի մի հարված, և սոճիները ուղղվելով, մարմինը կբարձրացնեն վերև։
Ռուֆը անտրտունջ լսեց ամուսնու վերջին կամքը։ Խեղճ կնոջը հնազանդություն սովորեցնելու հարկ չկար։ Դեռ աղջիկ ժամանակ նա իր ցեղի բոլոր կանանց հետ միասին խոնարհվում էր ամենայն շնչավորի տիրակալի՝ տղամարդու առջև, որին չպետք է հակաճառել։ Քիդը չմխիթարեց Ռուֆին, երբ սա վերջում համբուրեց ամուսնուն,― հնդկացի կնոջ ժողովուրդը այդպիսի սովորություն չուներ,― իսկ հետո նրան հեռացրեց, տարավ առջևի սահնակի մոտ և օգնեց, որ հագնի դահուկները։ Կինը, կույրի պես, մեքենաբար բռնեց ձողափայտը, թափահարեց մտրակը և, շներին քշելով, ճանապարհ ընկավ։ Դրանից հետո Քիդը վերադարձավ Մեյսոնի մոտ, որը գիտակցությունը կորցրել էր, Ռուֆն արդեն վաղուց էր աչքից անհետացել, իսկ Քիդը դեռ նստած էր խարույկի մոտ՝ սպասելով ընկերոջ մեռնելուն և աղոթելով, որ այն շուտ վրա հասնի։
Սպիտակ Լռության մեջ տխուր մտքերի հետ մենակ մնալը հեշտ բան չէ։ Խավարի Լռությունը գթասիրտ է, այն կարծես թե պաշտպանում է մարդուն, նրան ջերմացնելով անորսալի մի կարեկցանքով, իսկ ջինջ-թափանցիկ և սառը Սպիտակ Լռությունը, որ փռված է պողպատե երկնքի տակ, անողոք է։
Անցավ մեկ, երկու ժամ, Մեյսոնը դեռ չէր մեռնում։ Կեսօրին արևը, հորիզոնում չհայտնվելով, երկինքը լուսավորեց կարմրավուն լույսով, բայց այն շուտով խամրեց։ Մեյլմյութ Քիդը վեր կացավ, իրեն ստիպեց մոտենալ Մեյսոնին և շուրջը նայեց։ Սպիտակ Լռությունն ասես ծաղրում էր։ Սարսափը պատեց նրան։ Լսվեց մի կարճ կրակոց։ Մեյսոնը սլացավ վերև, դեպի իր օդեղեն դամբարանը, իսկ Մեյլմյութ Քիդը, մտրակելով շներին, ամբողջ թափով սլացավ ձյունածածկ անապատով։

Այլ գրառումներ